Չէ, ես հույսս չեմ կորցնում: Մենք, որպես երկիր, մի օր, միևնույն է, սովորելու ենք մարդավարի բարեփոխում անել: Զավեշտն այն է, որ մենք միշտ ճիշտ ու կարևոր բարեփոխումներ ենք սկսում ու հետո հաջողությամբ տապալում:
Կենսաթոշակային բարեփոխումներ. իրականում կարևորագույն մի նախաձեռնություն, որ օդի պես անհրաժեշտ է մեր երկրին: Ի՞նչ եղավ, մի քանի միջին մակարդակի չինովնիկ էստեղից էնտեղից փող պոկեցին, մուլտիկ բան նկարեցին, լրիվ անտեսեցին նրան՝ մարդուն, ՀՀ քաղաքացուն, և նախկին ու ներկա կառավարությունները արժանիորեն մի լավ հարված կերան:
Շրջանառության հարկ. հրաշալի նախաձեռնություն է, ՓՄՁ-ի հարկային բեռը նվազեցնելն ու նրան օժանդակելու նպատակն էլ՝ օրախնդիր: Կառավարությունն իսկականից լավ բան է ուզում անի: Արդյունքում՞... փողոցում կանգնած մարդկանց էլի հասկացող չկա, հասկացնող չկա, իրենց հետ իրենց լեզվով խոսացող չկա: Ոչ մի լավ բան մի սպասեք սրանից:
Համայնքների խոշորացման բարեփոխում. սա մյուս հրաշալի նպատակադրմամբ բարեփոխումն է, որն այս կառավարությունն էլի հաջողությամբ «ոտին է գցելու»: Էլի մի երկու միջին կարգի չինովնիկ մի երկու տեղ փորձելու են ինքնահաստատվել, պայթած անգլերենով ելույթներ կարդալ, էլի քամի են տատանելու ու բազմաթիվ համայքների մարդկանց հանեն կառավարության դեմ: Չե՞ք հավատում, դե մի քիչ էլ սպասեք ու կտեսնեք:
Բայց ես էլի հույսս չեմ կտրում: Միևնույն է, մի օր մենք, որպես երկիր, սովորելու ենք մարդավարի բարեփոխում անել: