Tert.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 1-ին այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպել բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։   

Հանդիպմանը ԼՂՀ վարչապետը պատասխանել է ներկաներին հուզող հարցերի. ի պատասխան այն հարցին, թե արդյոք հնարավոր է ԵՏՄ ՀՀ-ի անդամակցությունից հետո ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետ գործի, Ա. Հարությունյանը, մասնավորապես, ընդգծել է. «Երկու պատասխան նշեմ: Առաջին՝ բացառվում է մաքսակետ ունենալ ԼՂՀ և ՀՀ միջև: Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ներկա հսկիչ կետերը շփոթում են մաքսակետերի հետ, այնինչ դրանց գործառույթն ուղևորափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը վերահսկելն է: Երկրորդ՝ անհնար է մաքսակետ ունենալ, քանի որ դա նշանակում է սահմանի վերահսկողություն սահմանապահների կողմից, իսկ ԼՂՀ և ՀՀ-ի միջև առկա են տասնյակ ճանապարհներ, որոնց հսկողությունը տեխնիկապես անհնար է»: 

Վարչապետը, պատասխանելով հարցին, թե կառավարությունը որքանով կարող է մեղմացնել Ստեփանակերտի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման սոցիալական հետևանքները, ընդգծել է, որ տարիներ առաջ այդ ոլորտը զգալի բարելավման է ենթարկվել կառավարության աջակցությամբ: «Որոշ ժամանակ անց խնդիրներ են ծագել ծախսերի սպասարկման հարցում, և «Արցախի ներդրումային հիմնադրամի» միջամտությամբ վերակառուցվել է ծառայություն մատուցող ընկերության վարկը: Երկար ժամանակ մեզ հաջողվել է հետաձգել սակագնի բարձրացումը մինչև աշխատավարձերի ու թոշակների նշանակալի աճը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ա. Հարությունյանի խոսքով՝ աշխատավարձային քաղաքականության մեջ իրագործված վերջին բարեփոխումներից հետո քաղաքապետարանը որոշել է թանկացնել հանրային տրանսպորտի սակագինը՝ 70-ից 100, որը, համաձայն անկախ ուսումնասիրությունների գնահատականների, անհրաժեշտ է համակարգի անխափան աշխատանքի կազմակերպման և դրա որակի բարձրացման համար: «Եթե խոսում ենք տրանսպորտի սակագնի սուբսիդավորման մասին, ապա այն պետք է իրագործվի ողջ հանրապետությունում: Փոխարենը նախատեսվում է հունվարի 1-ից սուբսիդավորել ուսանողների և սոցիալապես խոցելի մի շարք խմբերի ուղեվարձը՝ թե՛ Ստեփանակերտի, թե՛ շրջանային տրանսպորտից օգտվելու համար»,- ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ քննարկվում են մեխանիզմի կիրառման տարբերակները: 

Այն հարցին, թե ինչպես է գործադիրը նախատեսում հիփոթեքային ծրագրի պայմանները երիտասարդության համար ավելի մատչելի դարձնել, Ա. Հարությունյանը պատասխանել է, որ կառավարությունում մշակվում է առավել մատչելի պայմաններով բնակարանների ձեռքբերման ծրագիր, և աշխատավարձերի ներկա մակարդակը առաջիկայում թույլ կտա այն հասանելի դարձնել առավել լայն խավերի համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել