Давно пора ядрена мать,
Умом Россию понимать.
Ի. Գուբերման
Ռուսաստանի ընթացքի մեջ մշտապես առկա է ողբերգայնության տարրը: Հատկապես նորագույն ժամանակների նրա պատմությունը ճակատագրային սխալների և մարդկային տասնյակ միլիոնավոր կյանքերի գնով այդ սխալներին հետևած հոգևոր-բարոյական, խոշորածավալ տնտեսական ավերածությունների վերացման մի գործընթաց է ներկայանում:
Վաղուց ժամանակն է, որ մենք Ռուսաստանի մասին մեր մակերեսային (սկսած ՛՛ռուսաստանը մեր միակ փրկիչն ու ապավենն է՛՛-ից մինչև ՛՛ռուսաստանի նպատակը Հայաստանն առանց հայերի տեսնելն է՛՛) դատողություններից ազատվենք ու Ռուսաստան երևույթի, և ոչ միայն նրա, խորքային ճանաչման անհրաժեշտության մասին մտորել սկսենք:
Նույն փոցխին անընդհատ կոխրճող հիմարի կարգավիճակից ազատվելու համար, ժամանակն է, որ մենք աշխարհի հետ առնչվենք ոչ թե նույն այդ աշխարհի կողմից մեզ հրամցված պրիմիտիվ դատողությունների շրջանակներում, այլ, որևէ գործողություն կատարելուց առաջ խորհենք ու խորապես հասկանանք բոլորի դիտավորություններն ու բուն նպատակները:
Ռուսի մասին եմ խոսում մեկ պատճառով: Ռուսաստանն այնքան խոշոր ու ծանր է, և այնքան մոտ է մեզ կանգնած, որ նրա ցանկացած շարժում, անկախ նրա հետ մեր ունեցած կապերի սերտության աստիճանից, միշտ ճակատագրական ազդեցություն է ունեցել և դեռ ունենալու է մեր վրա:
Ի տարբերություն հայերիս նման ՛՛փոքր՛՛ ազգի, ում գերագույն նպատակը, գոնե մեզ հասանելի գրի առնված պատմական ժամանակահատվածում, այս աշխարհում իր կողմից որպես հայրենիք ընկալված հողակտորի վրա, իրեն ամեն գնով ոչնչացնել ձգտող հարևանների շրջապատում չկորչելն ու իր ինքնության, իր տեսակի պահպանումն է, որի սակրալ, չգիտակցված իմաստը տիեզերական բազմազանության և ներդաշնակության ապահովումն է, Ռուսները համակված են գլոբալ, համաշխարհային, տիեզերական խնդիրների լուծմամբ… Բոլորովին կարևոր չէ, թե աշխարհը փրկելու ՛՛Ռուսական իդեա՛՛ կոչվածը որտեղից է հայտնվել նրանց մոտ: Բան չունենք ասելու, գուցե դա իրո՛ք իրենց քաղաքակրթական առաքելությունն է, գուցե պեղելով ռուսական հոգիները իրենց մեծ մտածողներն են ներշնչել, որ ռուսները համաշխարհային միսիա ունեն իրականացելու, թե՞ մեկ այլ վարկած կա… Կարևոր չէ՛: Կարևորն այն է, որ նրանք խորապես հավատում են, որ առանց համաշխարհային դերակատարման, ռուսը որպես ռուս, և ռուսիան որպես ռուսիա գոյություն ունենալ չի կարող, և միայն իրենց միջոցով է, որ աշխարհում կարող է իրական խաղաղություն և արդարություն հաստատվել: Իրենց առաքելական մտահղացումների իրականացման ճանապարհին, աշխարհաճանաչողության իրենց ունեցած սահմանները ընդլայնելով նոր գաղափարներ մշակելու, դրանք բազմակողմանի քննության ենթարկելուց հետո գործողությունների ռազմավարական ծրագրեր կազմելու փոխարեն, ռուսներ, որպես օրենք, առանց երկար բարակ մտածելու, սկսում են գործել: Չմտածված գործունեության մոլեռանդությունն երբեմն այն աստիճանի է հասնում, որ գործողությունները կտրվում, առաջ են ընկնում գաղափարներից, դառնում բացարձակ ինքնանպատակ, հայտարարված գաղափարներին հակընդդեմ: Այսինքն սկսում է աշխատել Բեռնշտեյնի հայտնի ՛՛Շարժումն ամեն ինչ է, վերջնական նպատակը՝ ոչինչ՛՛ թեզը: Իրականում աննպատակ այս գործունեության ընթացքում, ռուսները պատրաստ են գնալ ցանկացած զրկանքների, ոչնչացնել իրենց բոլոր նախորդ կուտակումները, հակադրվել ողջ աշխարհին, զոհաբերել միլիոնավոր մարդկային կյանքեր… Ռուսական ինքնաոչնչացման այս ՛՛խաղ-զվարճանքից՛՛ հաճախ օգտվում են նրա թշնամիները… Այսպես էր 1917-ին, ՛՛պերեստրոյկայի՛՛ ժամանակներում, 1991-ին և ինչու ոչ, այսպես է նաև հիմա:
Ռուսները, որպես օրենք, գործում են չմտածված, կամ աներևույթ կամ ուղիղ արտաքին թելադրանքներով: Մտածենք այս մասին և հասկանանք, թե նրանց դավաճանության մեջ մեղադրելուց զատ, ինչով կարող ենք նրան օգնել: Օգնելով նրան, մենք օգմում ենք ինքներս մեզ, քանզի ինքնաոչնչացման այդ ՛՛խաղ-խրախճանքի՛՛ ժամանակ ռուսաստանը անկանխատեսելի է դառնում, և մենք, անկախ նրանից բարեկամ ենք, դաշնակից, թե թշնամի, մեծ վտանգնեի կենթարկվենք: Պատմությունը ինչ որ բան պիտի սովորեցնի մեզ վերջապես, թե ոչ?