“Eastern Partnership Media Freedom Index”-ի հետ կապված, միշտ էլ եղել են բազմաթիվ հարցեր, և, իհարկե, միշտ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: 2014թ.-ի ինդեքսը որևէ կերպ բացառություն չէ, սակայն, ելնելով ընտրված ժամանակահատվածից, իրական գործընթացներից, որոնք տեղի են ունենում ԱլԳ երկրներում, ավելի ցցուն ձևով դրսևորվում են ինդեքսի որոշմանն առնչվող բոլոր խնդիրները:
Այս և նման ծրագրեր իրականացնողները մշտապես փորձում են իրենց “օբյեկտիվություն” կոչվածը բացատրել միասնական տեխնոլոգիայով, որն էլ, ըստ իրենց, ապահովում է բալանսավորված մոտեցում, արվում է նույն չափորոշիչներով և այլն:
Սակայն, դա նշողները և դրան հավատացողներն անտեսում են մի շատ հասարակ ճշմարտություն՝ տարբեր երկրներում իրականացնողները տարբեր մարդիկ են, տարբեր է նրանց մոտիվացիան, սեփական պետության, հայրենիքի նկատմամբ նրանց սերը կամ հարգանքի աստիճանը:
Վերջին ամիսներին բոլորս ակնատեսն ենք նրա, թե ինչ է տիրում Ուկրաինայում, այդ թվում՝ մեդիա դաշտում: Հեռուստաընկերությունների ահաբեկումներ, կայքերի հիմնադիրների կամ ղեկավարների ձերբակալություններ և այլն: Այդ պարագայում, անգամ շատ մեծ ցանկության դեպքում, չէր կարող օբյեկտիվ ինդեքսը Հայաստանը դնել Ուկրաինայից հետո: Բնականաբար, շատ երկար կարելի է անդրադառնալ նաև մյուս երկրներին, սակայն այս օրինակն արդեն իսկ այնքան խոսուն է, որ մյուս օրինակներին անդրադառնալ երևի թե արդեն չարժե…
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, և անբնականությունն ու սուբյեկտիվությունը կարող են բացատրվել երկու հանգամանքով՝ կամ դրանց միաժամանակյա կիրառմամբ.
1. ԱլԳ երկրներում և, մասնավորապես՝ Հայաստանում, ինդեքսի հաշվարկն իրականացնող կառույցների՝ սեփական երկրի և պետության հանդեպ “սիրո և հարգանքի” դրսևորումը կամ դրա բացակայությունը, և սրա արդյունքում նույն տեխնոլոգիայի ծայրահեղ տարբեր կիրառումը,
2. ԱլԳ երկրներում և, մասնավորապես՝ Հայաստանում, իդեքսի հաշվարկն իրականացնող կառույցների սերտաճումը կամ ենթակա դառնալը եվրոպական այդ պահի դրությամբ առկա քաղաքկան շահին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Կարծում եմ, հիմա բոլորին է տեսանելի, որ ելնելով քաղաքական իրավիճակից, Ուկրաինայի հանդեպ և նրա վերաբերյալ թե՜ գնահատականները, թե՜ կիրառվող չափորոշիչները որևէ կապ չունեն էթիկայի, բարոյականության, առավել ևս՝ օբյեկտիվության հետ: Հասել ենք այնպիսի իրավիճակի, որ Ուկրաինայի հանդեպ վերաբերմունքը եվրոպական կառույցներն արտահայտում են այն ձևով, ինչ տեսնում ենք: Այդ պարագայում ուղղակի ցավով պիտի արձանագրենք, որ քաղաքական շահի և նշված վերաբերմունքի արտահայտման առումով զինվորագրվում են նաև մեր կառույցները՝ մի կողմ դնելով ոչ միայն սեփական երկրի նկատմամբ վերաբերմունքը, կամ երկրի իմիջին առնչվող հարցերը, այլև օբյեկտիվությունն ու արդարությունն ընդհանրապես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/1689337157957531
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել