Life.panorama.am-ը գրում է․
«Yere 1» հումորային նախագծից և սերիալներից հանրությանը հայտնի դարձած դերասանուհի Մարիամ Մելիքյանը նկարահանվում է նոր «Ֆուլ հաուս» սիթքոմում, որտեղ մարմնավորում է միանգամայն նոր կերպար: Life.panorama.am-ը նրա հետ զրուցել է նոր դերի, կարգավիճակում գրանցվելիք փոփոխության և այլ թեմաների շուրջ:
-Նոր սիթքոմում ձեր կերտած կերպարն ինչպիսի՞ն է, ինչո՞վ է այն տարբերվում «Yere1»-ի քարտուղարուհուց:
-Խաղում եմ խանդոտ, նույնիսկ՝ «խանդի հիվանդ», շահամոլ աղջկա: Յանան, ի տարբերություն նախորդ կերպարի, ավելի «թեթև» է, միաժամանակ՝ միամիտ, ով կարող է խաբվել անգամ փոքրիկ զարդով:
-Մոդելային ոլորտում այժմ ի՞նչ աշխատանքներ եք տանում:
-Մոդելի աշխատանքով բացարձակ չեմ զբաղվում, նախ՝ որովհետև չեմ հասցնում, բացի այդ՝ հասկացա, որ ինձ հոգեհարազատ է դերասանուհու գործը:
-Սա ժամանակավոր, թե՞ մշտական դադար է:
-Որոշել եմ, առհասարակ, դադարեցնել մոդելային կարիերան. այդ ոլորտը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ, ուստի ինձ համար աշխատանքն էլ հետաքրքիր չէ:
-Գուցե ձեր համարձակ կերպարի շուրջ հնչած քննադատություննե՞րը ստիպեցին հանգել այդ որոշմանը, կամ՝ ձեր նշանա՞ծն է խոչընդոտ հանդիսացել:
-Ես քննադատություններից չեմ վախենում, ինձ համար կարևոր է հանդիսատեսի կարծիքը: Ոչ էլ նշանածս է խոչընդոտել. խանդն այնպիսի բան է, որի առկայության դեպքում ինձ կարգելվեր զբաղվել նաև դերասանությամբ, բայց նման բան չկա: Մենք ունենք փոխադարձ վստահություն, ուստի իմ առջև արգելքներ չկան: Պարզապես հիմա կենտրոնացել եմ դերասանական աշխատանքի վրա:
-Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք, որ հնարավոր է՝ մասնակցեք գեղեցկության միջազգային մրցույթների. հետաքրքիր առաջարկներ եղե՞լ են:
-Առաջարկներ ստացել եմ, բայց, քանի որ այդ ընթացքում սիթքոմով էի զբաղված, չհասցրեցի համատեղել: Հիմա առաջարկներ դեռ չկան, այնպես որ, չեմ կարող ասել, թե առաջիկայում ինչ կլինի:
-Երկար տարիներ զբաղվել եք պրոֆեսիոնալ պարով, այժմ դրա համար ժամանակ մնու՞մ է:
-Պարով զբաղվում եմ, արդեն, սիրողական մակարդակով՝ կեցվածքս պահպանելու նպատակով: Պրոֆեսիոնալ պարը թողել եմ՝ ժամանակի սղության պատճառով:
-Առաջիկայում ամուսնության հետ կապված պլաններ կա՞ն:
-Այո, հոկտեմբերի 19-ին կլինի իմ հարսանիքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ