Մի հարց. Ումի՞ց է անկախացել Արցախը 1991թ սեպտեմբերի 2-ի որոշմամբ և դեկտեմբերի 10-ի հանրաքվեով: Մի շտապեք զարմանալ, մի պահ մտածեք:
Հիշեցնեմ, որ 1989թ դեկտեմբերի 1-ին Արցախը արդեն միավորված էր Հայաստանին: Այդ որոշման հիման վրա արդեն 1990թ մայիսին Արցախում ձևավորվել էին ՀԽՍՀ ԳԽ 12 ընտրատարածք: Այսպես կոչված անկախանալու օրերին Արցախից ընտրված Հայաստանի խորհրդարանի պատգամավորները պաշտոնավարում էին արդեն մեկուկես տարի: ՀԽՍՀ ԳԽ, իր արցախցի պատգամավորներով հանդերձ, Մոսկվայի համար լեգիտիմ էր: ԽՍՀՄ կազմալուծման օրերին Արցախի բոլոր հիմնարկները վերածվել էին երևանյան մասնաճյուղերի, մարմինները ենթարկվում էին Հայաստանի նախարարություններին ու ֆինանսավորվում էին նրա կողմից:
Ուրեմն ումից էր Լևոն Տեր-Պետրոսյանը անկախացնում Արցախը 1991թ և ինչո՞ւ:
Ինչո՞ւ այդ ազգապառակտիչ խորամանկությանը կուլ գնաց Արցախահայությունը, ինչպես նաև Դաշնակցությունը, որը այդ օրերին որոշիչ ներկայություն ուներ Արցախի քաղաքական շրջանակներում:
Ինչո՞ւ է Ժառանգությունն այսօր առաջարկում ճանաչել Արցախի անկախությունը Հայաստանից: Իշխանությունն էլ առանձնապես դեմ չէ, նույնիսկ ակնարկում է, դրանով սպառնում է Ադրբեջանին: (ծիծաղելի դիվանագիտություն)
Ինչո՞ւ մենք այդքան արագ մոռացանք «միացում» կարգախոսը և հիմա տոնում ենք մեր պառակտվածությունը:
Ենթադրվում էր, որ այս ներկայացումը բեմականացվում էր արտաքին աշխարհի համար: Այս պարզունակ անհեթեթությամբ ոչ մեկին չխաբեցինք: Փոխարենը, ինքներս այնքան մտանք դերի մեջ, որը հավատում ենք մեր հնարած հեքիաթին ու շարունակում ենք տոնել Արցախի անկախությունը Հայաստանից: Զուգահեռաբար կոպտորեն ոտնահարում ենք Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների սահմանադրական, մասնավորապես ընտրական իրավունքները:
Ժամանակն է վերջ տալու այս տուն-տունիկ խաղալուն:
ՀՀ ԱԺ և նախագահի առաջիկա ընտրություններին, Հայաստանի մյուս քաղաքացիներին հավասար, պետք է մասնակցեն նաև Արցախում բնակվող և գրանցված ՀՀ քաղաքացիները:
ԼՂՀ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրանալուն պես նոր նախագահ չպետք է ընտրվի, այլ պետք է նշանակվի մարզպես: ԼՂՀ ԱԺ-ը պետք է վերածվի մարզային ավագանու: Փասացի ընդհանուր օրենսդրությունը պետք է նույնացվի:
ԼՂՀ-ից աստիճանաբար պետք է անհետանա «Հ»-ն, հետո նրա միակ անունը պետք է դառնա Արցախը, Արցախի մարզը:
Ավելի ուշ Արցախի ներկայիս ընդարձակ տարածքում ցանկալի է, որ ձևավորվեն 2 կամ 3 մարզ:
Ի՞նչ վայնասուն բարձրացնելու առիթ կտանք թուրքերին: Իսկ ի՞նչ կասի միջազգային հանրությունը...
Ոչ մի նոր բան, քան ասում են մինչև հիմա:
Փոխարենը մենք կձերբազատվենք մի մեծ սխալից, որը շարունակում ենք խորացնել ամեն օր ու ժամ:
Արմեն Աղայան



