«Յա Հոջա Ալի, յա Ալի Հոջա». այս արտահայտությունը թուրքերենից թարգմանվում է այսպես՝ «Կամ Հոջա Ալի, կամ Ալի Հոջա»։ Հայերենում կիրառում ենք «Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում» խոսքը։ Այս թևավոր խոսքերը լավագույնն են բնորոշում տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունների փոփոխություններն ու Հայոց ցեղասպանության հարցում նրանց ունեցած դիրքորոշման անփոփոխ լինելը՝ ժխտել հնարավոր և արդի միջոցներով։

Բացառություն չէ Թուրքիայի գործող իշխանությունը՝ չափավոր իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Իհարկե, ԱԶԿ-ն իր կառավարման տարիներին Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը նոր, ավելի ժամանակակից մակարդակի է բերել, սակայն բուն էությամբ ժխտողական քաղաքականության շարունակող է։ Եվ ահա Թուրքիայում օգոստոսյան նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով գործող վարչապետ Էրդողանն ընտրվեց նախագահ, իսկ գործող արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն էլ նշանակվեց վարչապետ, կառավարությունում բերեցին որոշակի փոփոխությունների, ինչը կապված էր ոչ թե ինչ-որ մեկին պաշտոնանկ անելու կամ փոխարինելու, այլ գերազանցապես թափուր աթոռներին նոր նշանակումներ անելու հետ։ Բացի երկու փոխվարչապետի և, իհարկե, վարչապետի փոփոխությունից, Թուրքիայի և ինչու՞ չէ նաև Հայաստանի համար կարևոր էր արտաքին գործերի նախարարի թափուր հաստիքը լրացնող անձը։ Եվ Դավութօղլուի հետնորդը դարձավ Մևլութ Չավուշօղլուն, ով մինչ այդ Էրդողանի կառավարությունում զբաղեցնում էր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերով նախարարի (կամ ինչպես ասում են Թուրքիայում՝ ԵՄ նախարարի) պաշտոնը։

Նախ անդրադառնանք Չավուշօղլուի անցած քաղաքական ուղուն, քանի որ նրա կերպարը բավական հետաքրքիր է Հայաստանի համար։ Անթալիացի պատգամավորն «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից է, կարևոր դերակատարում ունի այդ քաղաքական ուժում։ Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թուրքիայում, ինչպես նաև եվրոպական կառույցներում։ Առավել մեծ ուշադրություն է գրավում նրա աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), որի նախագահն էլ եղել է 2010-2012 թվականներին։ Այս ընթացքում Չավուշօղլուն հասցրել է աչքի ընկնել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության աջակցությամբ, հակահայ հայտարարություններով և էլ առավել՝ Արցախյան հիմնահարցում ընդգծված ադրբեջանամետ գործողություններով։ Օրինակ, ԵԽԽՎ-ում նրա նախագահության օրոք վերականգնվեց Արցախի հիմնահարցով ենթահանձնաժողովը, որտեղ մեծ ազդեցություն ունեին թուրքական և ադրբեջանական կողմերը։

Հայոց ցեղասպանության հարցում էլ, ինչպես նշեցինք, նա աչքի է ընկել ժխտողական հայտարարություններով։ Կարող ենք հիշել, օրինակ, 2010 թվականին ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում Չավուշօղլուի այցը Երևան, երբ նա հրաժարվեց այցելել Ծիծեռնակաբերդ։ 2011 թվականին, երբ Ֆրանսիայում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագիծը, Չավուշօղլուն նշել է, թե մեկնելու է Ֆրանսիա ու գոռա, որ «Հայերի ցեղասպանություն չի եղել»…

ԵԽԽՎ-ում պաշտոնավարումն ավարտելուց հետո Չավուշօղլուն կենտրոնացել է Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վրա, իսկ 2013-ի դեկտեմբերին նշանակվել է Թուրքիայի ԵՄ նախարար, քանի որ Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալի հետևանքով երկար տարիներ այդ պաշտոնը զբաղեցրած Էգեմեն Բաղըշն ազատվել էր աշխատանքից. վերջինիս անունը նույնպես հոլովվում էր ապօրինի գործողությունների համատեքստում, ու Էրդողանը որոշեց ազատվել նաև նրանից։ Եվ ահա Չավուշօղլուի կարիերայի հաջորդ քայլը Դավութօղլուի գլխավորած 62-րդ կառավարությունում արտգործնախարարի պաշտոնն է, որտեղ նա արդեն հասցրել է անդրադառնալ հայկական թեմային՝ հայտարարելով, թե «Ադրբեջանի հետ համատեղ են պայքարելու, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ»։

Այսպիսով, պետք է փաստել, որ Չավուշօղլուն Թուրքիայի արտաքին հարցերում Դավութօղլուի (իմա՝ ԱԶԿ-ի) քաղաքականության շարունակողն է։

Հայաստանի հետ քաղաքականության և Ցեղասպանության հարցում ևս Չավուշօղլուն շարունակելու է այն, ինչը պատրաստել/իրագործում է Էրդողան-Դավութօղլու տանդեմը։ Իսկ այն, որ նախկինում Չավուշօղլուն ներկայացել է որպես հակահայ հայտարարությունների ու գործողությունների մասնագետ, առանձնակի «փայլ» են հաղորդում նրա գործունեությանը նոր պաշտոնում։

Չավուշօղլուի՝ արտգործնախարար նշանակվելու հարցում պիտի ուշադրություն դարձնել ևս մեկ կետի՝ նրա նշանակումը ժամանակավոր բնույթ է կրում. 2015 թվականի հունիսին նախանշված են Թուրքիայի ազգային մեծ ժողովի ընտրությունները, որոնց արդյունքներով էլ Թուրքիայում նոր կառավարություն է ձևավորվելու։ Ինչպես Դավութօղլուի ողջ կառավարության, այնպես էլ անձամբ Չավուշօղլուի օրակարգում կարևոր խնդիրների թվում խորհրդարանական ընտրություններին հաջող պատրաստությունն է, որը թույլ կտա ԱԶԿ-ին շարունակել իշխել Թուրքիայում, ինչն այս քաղաքական ուժն առանց դադարի իրականացնում է 2002 թվականից։ Բացի այդ, առաջիկա ամիսները կարող են ցույց տալ, թե ինչպես է Չավուշօղլուն իրեն դրսևորում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության խրթին գործում, ինչը չի բացառի ԱԶԿ-ի՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում նրա հետագա պաշտոնավարումը կարևոր այդ պաշտոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել