Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն Եռյակին համարում է կեղծ ընդդիմություն:
Ես այդքան կատեգորիկ չէի լինի ու կօգտագործեի ավելի քաղաքական սահմանում ու կսահմանափակվեի՝ ՙՙոչ կենսունակ՚՚ բառով:
Կնախավ ասեմ, որ մեկ տարվա վաղեմության որոշ իրադարձությունների հետևանքով Խզմալյանի հետ հարաբերություններս այնքան էլ հարթ չեն, իսկ Եռյակում ունեմ բազմաթիվ ընկերներ, բայց բովանդակային առումով՝ այս հարցում ավելի շատ հակված եմ մտածել հենց Տիգրանի նման:
Սակայն խնդրին ուզում եմ ավելի գլոբալ հայացք նետել:
Այսօրվա Հայաստանն առհասարակ նման է ՙՙծուռ հայելիների թագավորության՚՚, որտեղ կեղծ է գրեթե ամեն ինչ:
Վերցնենք նույն իշխանությանն, որն, իհարկե, լավ կամ վատ գործում է, սակայն՝ իռացիոնալ հարթության մեջ:
Ու հարցը բնավ էլ այն չէ, թե ինչպիսի ընտրությունների միջոցով է ձևավորվել այդ իշխանությունը: Աշխարհում կան դեպքեր, երբ մարդիկ իշխանություն ձեռք են բերում ոչ այնքան որակյալ ընտրությունների միջոցով, սակայն իրենց գործունեության ընթացքում ձեռք են բերում լեգիտիմություն ու կա հակառակ ընթացքը՝ ընտրություններում հաղթած Յանուկովիչը հաշված օրերի ընթացքում կորցրեց լեգիտիմությունը:
Սակայն ես խնդրի իրավական ու նույնիսկ քաղաքական կողմին անդրադառնալ չեմ ուզում:
Ավելի ընդհանրական, բայց մյուս կողմից՝ հստակ հարց եմ ձևակերպում. կա՞ Հայաստանում մեկը, ով հավատա, թե այս իշխանության որակը թույլ է տալիս՝ բարելավել մարդու կյանքի որակը:
Եթե այդպիսի մարդ կա, նա պետք է կարողանա մատնացույց անել գործող իշխանության արժեքային համակարգը, քաղաքականության նպատակը:
Իշխանության ՙՙարժեհամակարգի՚՚ հիմքում մեկ մարդու ցանկություն է, քմահաճույք, որոշում՝ լավ կամ վատ:
Ըստ այդմ՝ գործող իշխանությունն ոչ թե մարդակենտրոն է՝ ինչպես ոմանք ճգնում են ապացուցել, այլ՝ անձնակենտրոն, հետևաբար՝ ժամանակակից պատկերցումների դաշտում՝ կենսունակ չէ, կամ ինչպես Խզմալյանը կասեր՝ կեղծ է:
Նույնը վերաբերում է Եռյակին:
Այստեղ էլ չկան միավորող արժեքներ, գաղափարներ՝ բացի այն մտայնությունից, որ ՙՙմենք ավելի լավ կանենք՚՚:
ՙՙՄենք ավելի լավ կանենք՚՚-ն ոչ թե որակի, այլ վարքի խոստում է:
Ու բոլոր այն մարդիկ, ովքեր Եռյակին համեմատում են նախորդ ընդդիմությունների հետ՝ շեշտելով նրա առանձնահատկությունը՝ գուցե ճիշտ են:
Բայց այդ ՙՙճիշտը՚՚ դարձյալ որակի հետ կապ չունի, որովհետև ՙՙառանձնահատկության՚՚ հիմքում՝ ոչ թե իրական այլընտրանքն է, այլ՝ կոնկրետ կուսակցության, մարդու ֆինանասկան, վարչական ռեսուրսները:
Հայաստանյան իրականությունն այնպիսինն է, որ իրար արժանի են իշխանությունն ու ընդդիմությունը՝ եվրասիականացման թափորի տարբեր, բայց ներդաշնակ քայլող շարքերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել