ArmnewsTV.am-ը գրում է․
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստը սկսեց առողջ ապրելակերպի հորդորով: Հանրապետական Համլետ Հարությունյանը դահլիճում ծխում էր: Մինչեւ բուն թեմային` Հայաստանի ու Արցախի ԼՂՀ եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների որոշման նախագծին անցնելը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրեց ծխի վրա:
Փոստանջյանն ասաց, որ նախագիծն առաջարկում է Հայաստանի ու Արցախի միջեւ դե ֆակտո գոյություն ունեցող հարաբերությունները դարձնել դե յուրե` ԱԺ որոշմամբ ճանաչել ԼՂՀ անկախությունը, բացառել Ղարաբաղի եւ Հայաստանի պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի տեղադրումն ու զինված ուժերի տեղակայումը եւ Հայաստանի անդամակցությունը որեւէ կառույցի, որը կվտանգի ԼՂՀ եւ ՀՀ ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը: Զարուհի Փոստանջյանը նման կառույց համարում է ԵՏՄ-ն ու Մաքսային Միությունը:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն առաջարկի կետերից շատերի հետ համաձայն է, բայց հարց ունի` ինչո՞ւ որոշում եւ ոչ օրենք: Փոստանջյանի պատասխանը հստակ է` փորձում են ճկուն լինել` քաղաքական մեծամասնությունը մշտապես մերժել է օրենքի ուժով Արցախի անկախությունը ճանաչելու «Ժառանգության» նախաձեռնությունը: Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հիշեցնում է, որ Հայաստանի ու Արցախի պետական սահմանին արդեն անցակետ կա ու հարցնում, ինչո՞ւ «Ժառանգություն»-ը նույն հարցադրումները չարեց, երբ Հայաստանը պատրաստվում էր եվրաասոցացման:
Նախագծի բոլոր ձեւակերպումները Հայաստանի քաղաքական օրակարգում են, ուստի արհեստական է առանձին որոշմամբ դրանց ամրագրումը: Սա հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի դիտարկումն է: Փոստանջյանի մտահոգությունները նա երեւակայական որակեց:
Հանձնաժողովում քննարկումը թեժացավ, երբ հանրապետական Համլետ Հարությունյանը զուգահեռ անցկացրեց Ռուսաստանի ու Դնեստրի կամ Դոնբասի միջեւ, իսկ Նաիրա Կարապետյանը Փոստանջյանին հարց տալուց առաջ նկատեց, որ բոլորը ժողովրդի անունից են խոսում:
Էմոցիոնալ քննարկումը շարունակվեց, բայց նախագիծը չընդունվեց: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացման պայմաններում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կվնասի գործընթացին: Փոստանջյանի նախագծի քվեարկությունը մինչեւ մեկ տարով հետաձգվեց, բայց կմնա հանձնաժողովի օրակարգում:
Տեսանյութը՝ այստեղ



