Համատարած հուսալքվածության ու հիասթափվածության մթնոլորտ կա մեր հանրության մեջ։ Մարդիկ սկսել են չհավատալ ոչ ոքի և ակնկալիքներ չունենալ առաջարկվող ոչ մի նոր բանից։ Ապրում են ինքնահոսով... ապագայից եկող լույսի հետքը կորցրած ու իրենց շրջաատող ամեն բանի մեջ լավ բան տեսնելու ունակությունը սպառած։ Սրա մասին և իշխանությունները գիտեն և ոչ իշխանությունները, կամ ընդդիմությունը, ինչպես նրանք իրենց սիրում են կոչել։ 
Վերոնշյալ երկու խմբերը հավասարապես կիսում են այս հուսալքության մեղքը։ Միակ բացառությամբ, որ առաջին խումբը այս հուսալքությունից կոնկրետ շահեր ունի։ Այն ժողովրդին հուսալքելով իր համար լուծում է անընդմեջ վերարտադրվելու խնդիր, առանց առանձնակի դիմադրության կյանքի է կոչում իր մտքին եկած ցանկացած գաղափար ու այս ամենի հետ մեկտեղ իր ձեռքում հսկայական ֆինանսական հոսքեր է կենտրոնացնում։ Երկրորդ խումբը, որը որպես կանոն պայքարում է առաջինի դոմինանտ դիրքը խլելու, երբեմն՝ իշխանությունից համեղ պատառիկներ խլելու և ֆինանսական հոսքերի մի մասը դեպի իրեն ուղղելու համար, պայքարում է չափազանց անատամ, ձանձրալի ու անհասկանալի պարբերականությամբ՝ մարդկանց մեջ հույսեր ծնելով, այդ հույսերը առաջին խմբի վրա թանկով վաճառելով, հաճախ նաև հույսերով լցված փուչիկները օրակարգի բացակայության և վճռականության բացակայության պատճառով իր ձեռքով պայթեցնելով։
Արդյունքում ստանում ենք հանրություն, որը զզված է իշխանություններից և էլ չի վստահում ընդդիմադիր լիդերներին, որոնք ամեն տարի խոստանում են, որ այս տարին պատմական է լինելու, ու որ իշխանություններն արդեն իրենց կարապի երգն են երգում։

Իշխանություններն այսօր հիշեցնում են մահամերձ հիվանդի։ Արտաշես Գեղամյան 12.02.2003

 


Սա երգի, պարի հեղափոխություն է։ Լևոն Տեր-Պետրոսյան 28.02.2008


Ռեժիմը խուճապի մեջ է։ Լևոն Զուրաբյան 10.11.2010


Ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Գագիկ Ծառուկյան 20.11.2012


Այս օրը՝ 25-րդ ամյակը մեր զարթոնքի այն պահն է, երբ սահմանադրությունը հաղթելու է կեղծիքին։ Րաֆֆի Հովհաննիսյան 20.02.2013


Հիշեք այս օրը։ Մեր նոր շարժամ սկիզբը կրկին սկսում ենք Աբովյանից։ Մեզ վրա լուրջ պատասխանատվություն կա։ Արամ Մանուկյան 25.09.2014

Ու այսպես միշտ ու ամեն անգամ... Մարդկանց հույսերը միանգամից բորբոքվում են ու միանգամից էլ մահանում։ Ամեն անգամ, երբ մեզ ներշնչում են, որ տեսեք, արդեն հասել ենք, արդեն վերջին պահն է, հաղթանակին բան չի մնացել, մի քայլ էլ և վերջ... տապալվում են մեկը մյուսի ետևից։ Պատճառը ընդդիմադիրների շտապողականությունո՞ւնն է, նրանց կողմից ժողովրդի պայքարի ուժի գերագնահատումը, թե՞ պարզապես սխալ հաշվարկը։ Անկեղծորեն չգիտեմ։ Գուցե բոլորը միասին վերցրած։ Գուցե նաև այն, որ սպասված հեղափոխության ոգին առկա է միայն ընդդիմադիր լիդերները շրջանակում, այն էլ միայն, երբ իրենց է հարմար։ Ու քարոզարշավների ողջ ընթացքում այդ լիդերներին ոչ մի կերպ չի հաջողվում այդ ոգին փոխանցել ժողովրդին (բացառությամբ իհարկե մի քանի դեպքի), որովհետև լիդերներն էլ հազիվ են հավատում իրենց գաղափարներին ու «հեղափոխություն» անում են տվյալ պահին կարիքից դրդված. Ասես գործի են եկել։

Հիմա կանգնել ենք մի իրավիճակի առաջ, երբ ժողովուրդն էլ ոչ մեկի շուրջ չի հավաքվի ու իր վստահության քվեն լայն ֆորմատով էլ չի տա ոչ մեկին։ Այդ նկատառումներից ելնելով այս անգամ էլ եռյակ ստեղծվեց։ Ու հիմա էլ տարբեր նպատակներով ու գաղափարներով տոգորված միավորումներից բաղկացած եռյակն է հավաքվել ու ջախջախիչ հանրահավաքի ռազմինկա է անում։ Մեկ վարչապետի հրաժարական է պահանջում, մեկ ասում է, որ վարչապետը էս երկրում խնդիր լուծող չի ու որոշում է համակարգի դեմ պայքարել։ Եռյակի մի մասը նախագահի հրաժարականն է պահանջում, մյուս մասը նախագահի անունն անգամ չի տալիս։ Մեկը կուլմինացիոն հանրահավաքի օրն անգամ չգիտի, մյուսը կրկին մեծ խոստումներ է տալիս՝ ճիշտ իր նախորդների նման...
Պետք է հստակ գիտակցել, որ կրկին անգամ մարդկանց հիասթափեցնելու ռեսուրսն արդեն վաղուց սպառված է ու կեղծ օրակարգերով ընդդիմությունն ավելի վատ բան է անում քան իշխանությունը՝ եռակի ու քառակի խորացնելով բարոյահոգեբանական ճգնաժամը, որը կա այսօր և արմատավորվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել