Cosmo.am-ը գրում է․

Նոր սննդակարգ հատուկ քաղցրասերերի համար

Շոկոլադ, խմորեղեն, քաղցրեղեն... Սրանք քո ամենօրյա սննդակարգի անբաժանելի բաղադրիչն են. Դեռ ավելին, օրվա ընթացքում կան ժամեր, երբ սիրտդ քաղցր է ուզում, ու եթե շոկոլադ չես ուտում, ապա կարծես մի կարևոր բան պակասում է կյանքիցդ: Ծան՞ոթ իրավիճակ է: Ուրեմն բարի գալուստ <<քաղցրասերերի>> ակումբ:

Քաղցրի հանդեպ կախվածության հասնող այս սովորությունը ամենևին էլ նոր երևույթ չէ դիետոլոգների համար: Պարբերաբար և նորմայից շատ քաղցր ուտելու պատճառով դու ոչ միայն վտանգում ես քո առողջությունը` օրգանիզմում ստեղծելով շաքարախտի նախադրյալներ, այլև ամեն անգամ զրկում քեզ սեքսուալ ու նորաձև զգեստներ կրելու հաճույքից:

<< Շոկոլադե սալիկները, խմորեղենն ու նմանատիպ այլ քաղցր վայելքները լի են արհեստական գունային և համային հավելումներով, հավելյալ շաքարով, ԳՄՕ-ներով և այլ վնասակար տարրերով, որոնք քո օրգանիզմը դժվարությամբ և տհաճությամբ է ընդունում: Դրան գումարած նրանք չունեն և ոչ մի դրական բաղադրիչ քո օրգանիզմի սնուցման համար>>,- գրում է դիետոլոգ Մելիսա Ամբրոսնին իր <<12 Steps to Wellness >> գրքում:


Եվ նախքան դու կհիասթափվես` մտածելով, որ նույնիսկ Cosmo-ն է դեմ քաղցրեղենի հանդեպ քո այս <<արգելված>> սիրուն, շտապեմ տեղեկացնել, որ քեզ համար ունենք մի լավ նորություն: Եվ այսպես, չնայած որ այս քաղցրեղենը կարող է իսկապես վնասակար լինել քեզ համար, դու ստիպված չես վերջնականապես հրաժարվել քաղցր վայելքներից: Պարզապես այսուհետ փոխարինիր այն առավել առողջ տարբերակներով, որոնք Cosmo-ն ընտրել է քեզ համար:

Դառը շոկոլադ

Համար մեկ քաղցրավենիքը բոլոր քաղցրասերերի համար` կաթնային շոկոլադը, շատ հեշտությամբ կարող ես փոխարինել դառը շոկոլադով: Քաղցրի պահանջը բավարարելուն հետ մեկտեղ դառը շոկոլադը նաև դրականորեն ազդում է արյան ճնշման կարգավորման, մաշկի սնուցման վրա` հավելյալ էներգիայի աղբյուր դառնալով քեզ համար:

Յոգուրտ

Սիրտդ պաղպաղա՞կ է ուզում: Իսկ ինչ՞ու չփողարինել այն սառը յոգուրտով, որն հարուստ է կալցիումով և ֆոսֆորով: Պարզապես ավելացրու մի քիչ հատապտուղ, մեղր, մի քիչ դարչին ու թարմ նանա, և կբացահայտես քեզ համար թաքնված մի նոր աղանդեր:

Զգուշացում. խանութում վաճառվող յոգուրտը գնելիս ուշադիր կարդա և համոզվիր, որ ընտրած կաթնամթերքդ բնորոշվում է հենց որպես յոգուրտ:


Սորբետ

Սառը և համեղ աղանդերից մեկ այլ ֆրանսիական տարբերակ է սորբետը, որը կարող է փոխարինել և՛ պաղպաղակին, և՛ թարմ քամած հյութին, և՛ աղանդերին, քանի որ սկզբնապես պատրաստվում է թարմ մրգերից, սառույցից և օշարակից: Քիչ կալորիա և օգտակար տարրերի ամբողջություն:


Չրեր և ընդեղեն

Աղանդերի սեղանի անբաժան մաս լինելուց բացի չրերն ու ընդեղենը նաև կատարելապես փոխարինում են ցանկացած քաղցրավենիքի: Չորամրգերը պարունակում են բավականաչափ վիտամիններ և քաղցր, ու միևնույն ժամանակ 0% հավելումներ և արհեստական շաքար: Իսկ ընդեղենի տեսականին, ունենալով վիտամինների հզոր խումբ, առհասարակ պարտադիր է քո սննդակարգում:

Մրգեր և մրգային աղանդեր

Մրգերը բնական շաքարի աղբյուր են և հեշտորեն կարող են փոխարինել քաղցրեղենին: Բայց գիտակցելով այն փաստը, որ շոկոլադի և խնձորի միջև պայքարի դեպքում խնձորի հաղթելու շանսերը շատ փոքր են, առաջարկում եմ քեզ ավելի գրավիչ մի տարբերակ: Փորձիր թարմացնել աղանդերի քո սիրելի տեսականին եփված մրգերով: Առողջարարության տեսանկյունից դրանք հավասարաչափ օգտակար են: Մի քիչ թարմ խնձորը, մեղրը, դարչինն և ընկույզը գազօջախի մեջ 7 րոպե եփելուց հետո կստանաս կատարյալ համեղ ու դիետիկ խնձորով կարկանդակ` առանց խմորի և հավելյալ շաքարի:

Խորամանկ հնարքներ

Անկանոն սնվելու դեպքում քեզ մոտ հաճախ կարող են լինել <<քաղցրի նոպաներ>>, երբ ուզում ես շոկոլադ կամ որևէ քաղցրավենիք ու շատ շտապ: Նման դեպքերում փորձիր ծամել մաստակ, թեկուզ և քաղցր, սա որոշ ժամանակով կփոխարինի շոկոլադին առանց ավելորդ կալորիաների: Մյուս դեպքում փորձիր շեղել ինքդ քեզ քաղցրի պահանջից` զբաղվելով որևէ կարևոր և անհարժեշտ գործով: Դասավորիր դարակներդ, գրասեղանդ, ներկիր եղունգներդ կամ գնա զբոսանքի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել