Ո՞ւր են պետության փողերը. աղաղակող չարաշահումներ քաղաքաշինության ոլորտումArmnewstv.am-ը գրում է․

Այնպես, կարծես դատի: Տնտեսականի նիստին բոլոր կողմերը ներկա են: Վարդան Այվազյանն ու Իշխան Զաքարյանը տեղավորվեցին կողք կողքի: Քիչ անց կպարզվի, որ մեկը դատավորի աթոռին է, մյուսը` դատախազի: Նրանցից աջ` Վերահսկիչի ներկայացուցիչն է: Հիմա կբացի քննչական թղթապանակն ու աղմկահարույց նոր գործ կբացվի: Դպրոցաշինություն: 74 դպրոց 2006-ից կառուցում-նորոգում են, վերջը չի երևում: Գործը վաղեմության ժամկետ չունի, և հնչում է գլխավոր հարցը` ո՞ւր են պետության փողերը: 

Րոպեներ անց նույն գործով նոր մանրամասներ ի հայտ եկան: Նախահաշվային ծախսերի վրա կիրառվող տոկոսադրույքներ: Գլխավոր վերահսկողը բացեց գրաֆիկան` կառույցները նույնատիպ են, կիրառվող տոկոսադրույքը` լայն տեսականիով: Կընտրեն, որը կուզեն` մի դպրոցը նորոգելու համար 100 միլիոն է պետք, նույն կարգի այլ դպրոցի համար` կրկնակի ավելի: Հարց` ո՞վ է հաշվարկում և ինչպե՞ս:

Վերահսկիչ պալատը հաշվարկներին չի հավատում: Տնտեսական հանձնաժողովի նախագահը` նույնպես: Վարդան Այվազյանը նույնիսկ պատասխանը գիտի: Եվ թող մեկն իրեն հակառակն ապացուցի: Որ եզրակացությունը նաև կնիքով հաստատի, Այվազյանը տվյալները հրապարակողին նայեց: Մրցույթ եղե՞լ է:

Առերեսումն անխուսափելի է: Քաղաքաշինության ԾԻԳ-ի ղեկավարին են հրավիրում: Դեռ պարզ չէ` վկայի՞, մեղադրյալի՞, թե՞ ականատեսի կարգավիճակով: Հրայր Սարգսյանը տեղավորվեց, որ ասի` ասելիք չունի: Իր ղեկավարած ԾԻԳ-ն այն ժամանակ չկար` երկու տարվա պատմություն ունի: 

Դատավոր Այվազյանը ակնոցի տակով Քաղաքաշինության նախարարին նայեց: Կադրերի նշանակման մաստեր կլասս` պատգամավորից նախարարին: Մինչև գործը կհասնի օրենսդիր ատյան, կառավարական օղակով անցե՞լ է: Այվազյանի հարցը պատահական չէ` դրանից առաջ ԾԻԳ-ի տնօրենի ցուցմունքն ընդդեմ կառավարության էր:

Ով ինչ ասի-չասի` Վարդան Այվազյանն իր համոզմանը մնաց` շինարարական մրցույթը ձևական է: Ու այլ հարց բարձրացրեց` տեխնիկական հսկողությունն էլ է ձևական: Սկսեցին մտաբերել` դա ո՞վ է անում, ում հորեղբոր տղան: Մտաբերող չկա, և դատաքննության այս փուլն ավարտվում է: Ուղարկվում ավելի բարձր ատյան` ԱԺ քառօրյայի օրակարգ:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել