BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր |
Վա՞տն է արդյոք Սուրիկ Խաչատրյանը ու պե՞տք էր արդյոք նրան նորից մարզպետ նշանակել։ Հավատացեք դա բնավ կարևոր չէ։ Գուցե նա ամենավերջին տականքն է, ով Բուդաղյանի սպանությունից ու տարբեր կանանց բռնաբարություններից բացի բազում հանցանքներ ու զանցանքներ է կատարել, գուցե օրինավոր քաղաքացի է, ով ինչպես ինքն է սիրում ասել 25 տարի անվերապահորեն ու անձնվիրաբար ծառայում է իր ժողովրդին։ Նրա գործունեության ու մարդ տեսակի ստույգ գնահատականը կտա ժամանակը։ Դրա համար պետք է սպասել։ Իսկ սպասել պետք է ոչ թե ալեհեր պատմաբանների, կամ խորունկ աչքերով ապագայի քաղաքական գործիչների գնահատականներին, այլ անկաշառ ու անաչառ դատաիրավական համակարգին, որի որոշումների արդարության վրա ոչ մեկս չենք կասկածի։ Ցավոք ներկայումս դատաիրավական համակարգի որոշումների անկեղծությանը չհավատացողներս գերակշռում ենք։
Անձամբ ինձ համար Սուրիկ Խաչատրայնը ոչնչով լավը և ոչնչով վատը չէ ռուբենհայրապետյաններից, ալրաղացիլյովիկներից, շմայսներից, սաքուլիկներից, գալուստսահակյաններից ու գագիկբեգլարյաններից։ Ու թող, որ վերոնշյալներից մի քանիսի ձեռքերի վրա արյուն կա, թող որ մյուս մասը դեռ չի հասցրել արյան մեջ թաթախվել։ Նրանք բոլորն էլ նույն համակարգի ծնունդներն են՝ սիամական երկվորյակներ, որոնք չնչին շեղումներով մտածում ու գործում են միանման ու կատարում նույն կետից եկող հրահանգները։ Ու սա է պատճառը, որ անհատներին թիրախավորելը ու նրանց դեմ պայքարելը համարում եմ կեղծ օրակարգ ու ոչ մի տեղ չտանող ուղղություն։ Նույնիսկ ժողովրդական անհնազանդության պատճառ դարձած հանցագործներին պաշտոնազրկելուց հետո այդ համակարգը նրանց փոխարինողներ միևնույն է գտնում է՝ նրանց տեղը համարժեք տականքների նշանակելով, վատագույն դեպքում՝ նրանց վերանշանակելով որոշ ժամանակ անց։ Մենք դժգոհում ենք, համակարգի բացահայտված հանցագործների հրաժարականը պահանջում, համակարգը, երբեմն մեզ ընդառաջ գնալով, զոհում է իր զինվորներին ու շարունակում կենսագործել և բնականոն վերարտադրվել։
Համակարգը կառուցողներն այն կառուցեցին իրենց տեսքով և նմանությամբ։ Նրանց գործի շարունակողները կռեցին ու կոփեցին այն ինչպես իրենց է հարմար։ Այսօր համակարգը չինովնիկներից իր պահանջներն ունի ու հստակ պատկերացումներ ունի, թե իր պահանջերը կատարելու համար չինովնիկն ինչ տեսակի ու որակի պետք է լինի։ Համակարգին այսօր ձեռքը սեղանին խփելու ունակ ու ամեն ինչը այդ ձեռքում կենտրոնացնել կարողացող, զիջելու չվարժված, բայց համակարգին անվերապահորեն հնազանդվել կարողացող կերպարներ են անհրաժեշտ։ Իսկ թե ինչ կերպ ու ինչ մեթոդներով են նրանք կենտրոնացնում այդ ամեն ինչը իրենց ձեռքում, համակարգին հետաքրքիր չէ։ Հայտնի ձևակերպում կա՝ բանտերում միայն բռնված հանցագործներն են։ Համկարգն այսօր ամեն ինչ անում է, որ ուժեղ բռունցքի իշխանության օրոք կատարված հանցագործությունները պատճառ չդառնան, որ ուժեղ բռունցքով հանցագործները բանտերում հայտնվեն։ Համակարգը նրանց արդարացնում է ու նոր թափով, բայց հին վճռականությամբ նորից մղում գործի։ Համակարգը նրանց միջոցով ու նրանց շնորհիվ է, որ այսօր անխափան գործում է և կա։ Այդ է պատճառը, որ երբ լսում են, որ այս կամ այն մտերիմս կամ ծանոթս պաշտոն է ստացել, չեմ ուրախանում։ Դա նշանակում է, որ նրանք էլ դարձել են մյուսների նման՝ մինիմալ ինդիվիդուալիզմ ու հրամանի կատարման ճանապարհին ամեն ինչի և ամեն բանի անտեսում։ Կրկնակի ու եռակի շատանում է ափսոսանքս, երբ պաշտոն ստացողը լավ մարդ է։
Մահն Ավետիք Բուդաղյանին չհաղթեց, բայց նրա մահով պարտվեցինք մենք բոլորս։ Ու այսպես պարտվելու ենք ամեն անգամ, երբ մեր մարդիկ բախվելու են համակարգի ներկայացուցիչներին, վատագույն դեպքում՝ հենց համակարգին։ Այսօրվա բարքերն են այդպիսին...
Իսկ ո՞ւմ և ինչի՞ դեմ է պետք պայքարել։ Իհարկե միմիայն ու բացառապես ամենակուլ համակարգի։ Մեր պայքարը հենց համակարգի կազմաքանդմանն ու կազմալուծմանն ուղղված պետք է լինի ու երբեք ոչ առանձին կադրերի հեռացմանն այդ համակարգից։ Ցիվիլ քաղաքական դաշտը ու իրական ժողովրդավարությունը շատ մոտ է, միայն պետք է ուժ հավաքել ձեռքը դեպի այն պարզելու համար։ Վաղը կլինի ծնունդը նոր համակարգի, որը կլինի զրոյից կառուցված ու ճիշտ հիմքերի վրա դրված։ Պետք է պատրաստվել դրան ու պայքարել դրա համար։