Բոլորս միասին ունենք եզակի հնարավորություն սերունդերին թողնել ավելի բարեկեցիկ աշխարհ. Սերժ ՍարգսյանArmnewstv.am-ը գրում է․

Նախագահ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային հարաբերությունների դպրոցի դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանի ձեռքբերումների եւ մարտահրավերների մասին՝ արտաքին քաղաքականությունից մինչեւ կրթություն եւ տնտեսական բարեփոխումներ: Սերժ Սարգսյանը նկատեց, որ հայերը 21-րդ դար են հասել պատմամշակութային ինքնության պահպանման շնորհիվ, իսկ հայ ժողովրդի պատմական փորձությունները. գենետիկ կոդի մեջ դրել են կենսունակության առնվազն երկու բանաձեւ. պայքար՝ հանուն գոյության, եւ հավատ` ազատության ու արդարության հաղթանակի նկատմամբ: Ժամանակակից Հայաստանը գիտակցում է, որ ապրում է բարդ տարածաշրջանում՝ պարուրված անկայունության շղթայով, հետեւաբար իր արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցել է տարբեր համակարգերի, տարածաշրջանում ներգրավված ուժերի շահերի համադրման, այլ ոչ թե հակադրությունների բաժանարար գծերի ստեղծման հիման վրա:

Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, եւ հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ մեկտեղ, մեր անվանգության հենասյուներից է: Դրան զուգահեռ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործակցության միջոցով իր ակտիվ ներդրումն է բերում միջազգային անվտանգության եւ կայունության գործին ինչպես անհատական գործողությունների ծրագրի, այնպես էլ միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում, - մասնավորապես ասաց Սերժ Սարգսյան:

Ռազմաքաղաքականից անցում անելով քաղաքատնտեսական հարաբերություններին` Հայաստանի առաջնորդը նկատեց. երկիրը, պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, միաժամանակ, շարունակում է Եվրամիության հետ համակողմանի գործակցությունը: Դրանք զուգահեռ պաշտոնական Երեւանը շարունակում է ակտիվ գործակցությունը Միացյալ Նահանգների հետ:

Այսօր արդեն բանակցություններն ընթանում են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ: Բարձր ենք գնահատում ԱՄՆ կողմից ՀՀ-ին ցուցաբերվող աջակցությունը: ԱՄՆ 42 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ վերջին տարիներին մի շարք նահանգներ ճանաչել են նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, - հայտարարեց Սերժ Սարգսյան:

Ավելին, ըստ ՀՀ Նախագահի, մեր օրերում, երբ միջպետական սահմաններն ավելի ու ավելի թափանցիկ են դառնում, եւ միջմայրցամաքային միասնական տնտեսական տարածքներ են ձեւավորվում, անիմաստ է խոսել տարբեր համակարգերի հակասությունների մասին: Անիմաստ է նաեւ սեփական արտաքին քաղաքականությունը կառուցել այդ հակասությունների վրա:

Ուստի մեր գործընկերների հետ համագործակցության այնպիսի մեխանիզմներ ենք փորձում մշակել, որոնք համադրվում եւ ոչ թե հակադրվում են: Սա լոկ խոսքեր չեն, դա է մեր մտածելակերպը, մեր ամենօրյա աշխատանքը, մեր տեսլականը, եւ մենք դրան եկել ենք սեփական փորձով, - շեշտեց ՀՀ Նախագահը:

Նախագահը ծավալուն անդրադարձավ կրթական բարեփոխումներին՝ Բոլոնյան համակարգից մինչեւ «Լույս» հիմնադրամ, եւ այս տարի Քեմբրիջի համալսարանի եւ Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ մեկնարկած կրթական նախաձեռնությանը, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»:

Արդեն շուրջ 25 տարի զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, եւ լավ գիտակցելով այն պատասխանատվության չափը, որ յուրաքանչյուր պաշտոնյա, հատկապես՝ երկրի ղեկավար, կրում է` եկել եմ այն համոզման, որ մենք բոլորս միասին ունենք եզակի հնարավորություն գալիք սերունդերին թողնելու ավելի ապահով, առավել բարեկեցիկ աշխարհ, եւ դա անելու միակ ճիշտ ուղին գոյություն ունեցող մարտահրավերները հնարավորությունների վերածելն է, - մասնավորապես ասաց Սերժ Սարգսյան։

Կոլումբիայի համալսարանի դասախոսներին, սակայն, հիմնականում հետաքրքրում էին արտաքին քաղաքական հարցերը. ՀՀ Նախագահի վերաբերմունքը ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանության, Դեր Զորի Սրբաց Նահատակաց եկեղեցու ավերելուն, Ռուսաստանի հետ հարաբերություններին: Ավելի քան երկու ժամ տեւած հանդիպման վերջում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները մեկը ոտնկայս դժգոհեց, որ այդպես էլ անդրադարձավ չեղավ ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես, նա դժգոհ էր, որ հարց չեղավ Շանթ Հարությունյանի մասին: Միջազգային եւ հանրային հարաբերությունների դպրոցի դեկան Ջենոուինը նկատեց, որ ցանկացած ոք իրավունքի ունի չհամաձայնել հանդիպման օրակարգի կամ հարցերի վերաբերյալ, նախագահ Սարգսյանն էլ նշեց, թե հայերը շատ են, թեմաները նույնպես, բոլորի հետաքրքրությունը հնարավոր չէ միանգամից սպառել:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել