Panorama.am-ը գրում է․
«Սերժ Սարգսյանի նախագահության տարիների ընթացքում երրորդ անգամ նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ Թե ձևակերպումների, թե քաղաքական գնահատականների առումներով վերջին ելույթը տարբերվեց 2008 և 2011 թվականների ելույթներից։ Թեև նախորդ ելույթներում ևս խստորեն դատապարտվել է Ցեղասպանության փաստը, սակայն վերջին ելույթում առկա էին գնահատականներ ու մոտեցումներ, որոնք միջազգային այդ բարձր ամբիոնից նախկինում չէին հնչել»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին ՄԱԿ-ում ունեցած ելույթը, մասնավորապես Թուրքիայի և Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ հատվածը, ասաց պատմաբան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Նրա դիտակմամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին նման ելույթը հարկավոր էր ու սպասված, ավելին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաջորդ՝ 70-րդ նստաշրջանը կլինի Ցեղասպանության տարելիցից հետո, ուստի, ժամանակային առումով, այս ելույթում Ցեղասպանությանն առնչվող թե դրույթները, թե շեշտադրումները տեղին էին ու կարևոր։
Թուրքիայի հետ հարաբերությունների պարագայում, ըստ պատմաբանի, ևս հնչեցին նախկինից էապես տարբերվող գնատահականներ. «Իհարկե, շատերը կկենտրոնան «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտության վրա ու կփորձեն կամ գերագնահատել, կամ շահարկել այն։ Իրականում, եթե վերջին ելույթը փորձենք համեմատել նախորդ երկու ելույթների հետ, ապա հասկանալի կդառնա, որ գործ ունենք փոփոխվող գնահատականների հետ։ Եթե 2008 թվականի ելույթը լավատեսական էր, իսկ 2011 թվականինը սպասողական, ապա 2014 թվականինը պարունակում էր քննադատություն, որը թեև նորություն չէր մեզ համար, սակայն այդ ամբիոնից նախագահի մակարդակով դեռ չէր հնչել։ Ցեղասպանության նախօրեին Հայաստանը պետք է փոխի իր հռետորաբանությունը, որը պետք է արվի ոչ թե նրա համար, որ 100-ամյակի տրամաբանությունն է ենթադրում, այլ որովհետև միջազգային հանրության մոտ առկա է նման պահանջարկ։ Հարկավոր է ի ցույց դնել մեր քաղաքական ու հասարակական մտքի հասունությունը։ Իհարկե, ասածս չի ենթադրում, որ կարող ենք սահմանափակվել ելույթներով ու հայտարարություններով, հարկավոր է գործով ապացուցել այդ ամենը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



