Panorama.am-ը գրում է․
Սեպտեմբերի 29-ին Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Հայկական պատվիրակությունը դրա շրջանակում շատ անելիք ու էլ ավելի շատ ասելիք ունի` հաշվի առնելով վերջին ամիսների զարգացումները և ադրբեջանական կողմի հոխորտանքները: Թե ինչ ակնկալիքներով ու սպասումներով է հայկական պատվիրակությունը մեկնում Ստրասբուրգ Panorama.am-ը զրուցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկին Զոհրաբյան, ակնհայտ է, որ երկուշաբթի օրը մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանը բավականին թեժ է լինելու, մասնավորապես սեպտեմբերյան նստաշրջանում քննարկվելու է ադրբեջանական երկու հակահայ նախաձեռնություն: Ինչպե՞ս է տրամադրված մեր պատվիրակությունը:
-Դեռևս հունիսյան նստաշրջանում Ադրբեջանը մի քանի հակահայ նախաձեռնություններով փորձեց հանդես գալ, մի քանի բանաձևերի նախագծեր դրեց շրջանառության մեջ` մեկը մյուսից անհեթեթ: Այն ժամանակ մեր պատվիրակությանը հաջողվեց նախագծերի քննարկումը հետաձգել, բայց այժմ արդեն Բյուրոն որոշում է կայացրել Ադրբեջանի նախագծերից մեկը, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղին, ուղարկել քաղաքական հանձնաժողով զեկույց պատրաստելու համար: Իսկ Ադրբեջանի մյուս բանաձևի առաջարկը` պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, Բյուրոն ընդամենը ի գիտություն ուղարկել է մոնիթորինգի հանձնաժողով: Ինչ վերաբերում է երկրորդին, ապա այո` այստեղ մենք ևս խնդիր տեսնում ենք և մեկ բան ակնհայտ է` ԵԽԽՎ-ն նման որոշում կայացնելով գերազանցում է իր մանդատը ու լիազորությունները. ԵԽԽՎ-ն չունի հակամարտություններով զբաղվելու մանդատ, այնպես որ հայկական պատվիրակությունը անպայման իր խոսքը կասի, մենք մեր անելիքը գիտենք: Պետք է նշեմ, որ իսկապես որոշակի լուրջ խնդիրներ կան, հաշվի առնելով, որ արդեն իսկ մեր ձեռքի տակ կան կոնկրետ փաստեր, որ վեհաժողովի 128 պատգամավոր Ադրբեջանի կողմից ամսեկան հսկայական աշխատավարձեր են ստանում և նրանք կյանքի գնով պաշտպանելու են Ադրբեջանի տեսակետն ու շահը: Իհարկե շատ դժվար է նման լոբինգի` նավթի և խավիարի ասեղի վրա նստած լոբիստների դեմ պայքարելը, բայց մենք պետք է փորձենք անել հնարավորը, որպեսզի վեհաժողովը մնա իր մանդատի շրջանակներում և չփորձի զբաղվել խնդիրներով, որոնք գտնվում են բացարձակապես այլ մանդատի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ենթակայության տակ:
-Ի՞նչ հիմնավորումներով էր Ադրբեջանն առաջարկում պատժամիջոցներ կիրառել Հայաստանի հանդեպ և կասեցնել հայկական պատվիրակության լիազորությունները:
-Նույն անհեթեթ հիմնավորումներով, որ հիմա անգամ հարկ չեմ էլ համարում հնչեցնել: Իրենց բոլոր ելույթներում, անկախ նրանից, թե ելույթն ինչին է վերաբերում` կրթական խնդիրներին, թե այլ, ադրբեջանական կողմը բոլոր այդ ելույթների կոնտեքստում անպայմանորեն բարձրացնում է Հայաստանի և հայկական պատվիրակության հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հարցը, բայց կրկնում եմ` այդ առաջարկը Բյուրոն ընդամենը ուղարկել է մոնիթորինգի հանձնաժողով ի գիտություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



