Panorama.am-ը գրում է․
Այսօր առավոտյան ՄԱԿ-ում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից ժամեր առաջամերիկյան հեղինակավոր «International New Yourk Times» պարբերականը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեղինակային հոդվածը, որը ներկայացնում ենք թարգմանաբար:
Այս տարի լրանում է իր մասշտաբների և դաժանության մեջ աննախադեպ մարդկային մեծ աղետի` Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Այն խլեց մոտ 14 միլիոն մարդկային կյանք, որոնցից 5 միլիոնը քաղաքացիական անձինք էին, իսկ 9 միլիոնը՝ զինվորականներ: Միլիոնավոր մարդիկ էլ վիրավորվեցին, դարձան ռազմագերիներ կամ տեղահանվեցին՝ ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողերը: Վերջիններիս թվում էին նաև հայերը, ովքեր գրեթե բնաջնջվեցին երկրի երեսից:
Հաջորդ տարի հայ ժողովուրդը ոգեկոչելու է այն իրադարձությունների հարյուրամյակը, որոնք հանդիսացան Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային տեղահանումների և սպանությունների գագաթնակետը: 1915թ. դարձավ Օսմանյան Թուրքիայի կողմից մշակված և դեռևս 19-րդ դարի վերջերից գործի դրված՝ հայերի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների և ցեղասպանության քաղաքականության բարձրակետը, որը որպես այդպիսին ճանաչվել է դեռևս այդ ժամանակ: 1915թ. մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ «Օսմանյան իշխանությունների թողտվության պայմաններում, հաճախ նաև վերջիններիս աջակցությամբ, մոտավորապես մեկ ամիս շարունակ Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը կոտորում է հայերին»: Այս հայտարարությունը կարող է համարվել այն առաջին միջազգային փաստաթուղթը, որտեղ հիշյալ իրադարձությունները որակվել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված Թուրքիայի նոր հանցագործություն»:
Երիտթուրքերի կառավարության կողմից իրականացված՝ մի ողջ ազգի ոչնչացմանն ուղղված վայրագությունների չափերն ու մասշտաբները դարձնում են դրանք աննախադեպ պատմական ողբերգություն, որը խլեց 1.5 միլիոն հայի կյանք: Այն մի ողջ ազգի ոչնչացման նպատակ էր հետապնդում, և դա գրեթե հաջողվեց: 1929թ. լույս տեսած «Համաշխարհային ճգնաժամը» գրքում Ուինստոն Չերչիլը գրելու էր. «Պատմությունն ապարդյուն է փնտրելու Հայաստան բառը»:
Իսկապես, լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը առաջին անգամ գործածել է «ցեղասպանություն» եզրույթը՝ բնորոշելու ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածը Օսմանյան իշխանությունների կողմից, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների կողմից հրեաների զանգվածային սպանությունները: Երկու դեպքում էլ զանգվածային սպանությունները տեղի են ունեցել առավել լայն՝ պատերազմի համատեքստում: Ըստ պատմաբան Մարկ Լևինի, դա պատերազմ է ոչ թե պետությունն ընդդեմ պետության, այլ պետությունն ընդդեմ ազգի: Այլ խոսքերով, ցեղասպանությունը պատերազմի տեսակ է, որը պետությունը կամ ռեժիմն իրագործում է ժողովրդի դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



