Մի ամիս է ինչ պարզել եմ, որ Հայաստանի օրենքով ո՛չ ես եմ հայ եւ ո՛չ էլ հինգ տարեկան որդիս:
Այս փաստը մեր ընտանիքին պարզ դարձավ միայն այն ժամանակ, երբ որոշեցինք երեխայիս համար անձնագիր ստանալ եւ հինգ տարուց հետո նկատեցինք, որ նրա ծննդականի վկայականում ազգության դիմաց ընդամենը մի սեւ գծիկ է դրված: Փաստորեն նա ոչ միայն հայ չէ այլ անհայտ ազգության պատկանող մարդ՝ թերեւս այլմոլորակային:
Դե այլմոլորակային հորից ծնվում են միայն այլմոլորակային երեխաներ, քանի որ ԶԱԳՍ ի աշխատողը, բնականաբար, նախ կասկածի տակ է առել հոր(այս դեպքում իմ) որեւէ ազգին պատկանելու փաստը եւ այս մասին դիմորդից հարցնելու «դժվար գործընթացի» փոխարեն, որոշել է՝ «դեհ այսպիսի ազգանունով հայ կյանքում ոչ տեսել եմ ու ոչ լսել ուրեմն՝սեւ գծիկ»:
Ասեմ, որ իմ իսկական ազգանունը չունի «յան» մասնիկ, ինչպես բազմաթիվ սփյուռքահայերի ազգանուններ, որ ինչ ինչ պատճառով զրկվել են այդ բերկրանքից: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում Իրանի նախորդ դեսպաններ՝ Հաղիղյանը եւ Սաղայանը հայ են եւ Ազնավուրը պարսիկ:
Բնականաբար դիմեցինք ԶԱԳՍ եւ պատասխանը եղավ հետեւյալը ՝ «Քանի որ հոր ազգությունը անհայտ է ուրեմն երեխան հայ չի համարվում»:
«Իսկ ինչի՞ց եք եզրակացրել, որ երեխայի հայրը հայ չէ» հարցի պատասխանն էլ եղավ այն ինչ ենթադրում էի՝ «դեհ որտեղի՞ց իմանայինք, երբ ազգանունը չունի յան մասնիկ»:
Ուրիշ ազգեր չիմանալու դեպքում ոչ թե ենթադրում այլ հարցնում են:Իսկ մենք չենք հարցնում, որովհետեւ ամեն ինչ գիտենք: Դրանից բացի հարցնելը հեչ սազական չէ մեր ազգային ինքնասիրությանն ու ազգային հպարտությանը:
Էլ չեմ խոսում այն մասին, որ նույն ազգային հպարտության եւ ինքնասիրության՝ ավելի ճիշտ ինքնասիրահարվածության հետեւանքով հայկական անձնագրիս անունը հեչ կապ չունի ինձ հետ եւ ամիսը մի քանի անգամ պարտավորվում եմ սրան ու նրան բացատրել թե անձնագրիս միջի այլմոլորակային անունը կարող էին մոգոնել միայն այլ երկրում Հայաստանի դեսպանության գրագետ աշխատողները, որոնք հարցնելու նկատմամբ ալերգիկ են:
Իսկ եթե ձեզ հետաքրքրում է թե հիմա ինչո՞վ եմ զբաղված : Ասե՛մ: թղթաբանություններով, որպեսզի հայերին ապացուցեմ որ ես հայ եմ:Եւ կապ չունի, որ հայկական անձնագիր ունեմ:Կապ չունի, որ մի կյանք հայապահպանություն եմ քարոզել սփյուռքում, հայկական դպրոցներում հայերեն եմ դասավանդել կամ ծնողներս հայ են... Ծնողներիս մասին չխոսեմ, որովհետեւ հետո պիտի փաստեր ներկայացնեմ նրանց հայ լինելու վերաբերյալ:
Փաստեր եմ հավաքում ոչ միայն ԶԱԳՍ- ին այլ հարեւաններիս ու հայրենակիցներիս համոզելու , որ ես եւ իմ որդին հայ ենք:Քանի դեռ որդիս դպրոց չի հաճախել....Մի ամբողջ դպրոցի դասատուներին, երեխաներին ու նրանց ծնողներին վերոնշյալը համոզելու «հավես» չունեմ:
Այս ամենից հետո որոշել եմ իմ եւ որդուս հայ լինելու վերաբերյալ փաստաթղթերը փակցնեմ տանս դռան, որպեսզի «իսկական հայերը» հայկական օջախս «պարսկանոց» չանվանեն (սա հեքիաթ չէ այլ ճշմարտություն):
Նույն «պարսկանոցում» ուր ծնվել ու ապրել եմ, ընդամենն ասում էի հայ եմ ու բոլորը համոզվում էին, իսկ «հայանոցում» ինչ դժվար են համոզվում, որ ես ու որդիս հայ ենք: