Իններորդ դասարանցի թոռանս Ռաֆայել Պատկանյանի ՉԱԽՈՒ-ն են հանձնարարել ընթերցել: Տեսնում եմ, ժամից ավելի գիրքը բացել է, բայց չի առաջանում. միտքն այլ տեղ է:
-Արեգ, ինչու՞ չես կարդում:
-Չեմ հասկանում, պապի:
-Ի՞նչ կա չհասկանալու, տուր տեսնեմ,-վերցնում եմ գիրքը, սկսում բարձրաձայն կարդալ, բայց առաջին իսկ նախադասության վրա լռվում եմ. այնքան խրթին է: 
Թոռս լսելի ծիծաղում է.
-Ի՞նչ է ուզում ասել:
Դժվարությամբ Նոր-Նախիջևանյան բարբառը ժամանակակից հայերենի եմ վերածում՝ լինելով բանասեր, բազմափորձ, ոչ բարով՝ գրող: Ստորև զետեղում եմ անդրանիկ պարբերությունը, որպեսզի խոսքս ըմբռնելի լինի. «Պահարը տահա հասած չէր, ամա, ան տարին տապը ամպես կանօխ կօխել էր վօր, փէտէրվարի տասնըհինկին-քսանին արթըխ էրիշտա-արօտը, փանճարը կէտինեն մէկ խառըն վէր էլլիլ էին: Մառտին կօլօխով արթըխ սրվըռճըխնէրը էկիլ էին հեռու տէղէրէ ու քիրէմիթնէրուն արալըխը պաշլայիլ էին իրենց պունը խօրթէլու. թուռնանէրը, յապանի խազէրը սիրիւ կանչըռտէլէն յալիին սէմթէն տէպի Ռասէի սէմթէրը թըռչէլ էն կէրթային. ալ վախ չիքար ափաստան ցուրտը կօխէլէն»: /Ռափայել Պատկանյան, «Երկերի ժողովածու», հատոր չորրորդ, 1966, էջ 61/:
Չասեք՝ ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆ մատենաշարի Ռաֆայել Պատկանյան հատորում ՉԱԽՈՒՆ կա՝ արդի հայերենով: Երեխայի ձեռքը վաթսունվեց թվի հրատարակությունն էր ընկել, դա էր կարդում; Խոսքս այլ բանի մասին է. քսանմեկերորդ դարում /համացանց, հարյուրավոր հեռուստաալիքներ, ռադիոհաճախականություններ, այլ հետաքրքրություններ/ իմաստ ունի՞ ՉԱԽՈՒ-ն հանձնարարել: Ես դեմ չեմ Պատկանյանին, խորապես գնահատում եմ նրա գրական, հասարարակական վաստակը, բայց դպրոցականներն ավելի ճիշտ չէ՞ փոխարենը Պատկանյանի ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ-ին հասու դառնան, որոշ դրույթներ պարտադիր անգիր անեն, իսկ ՉԱԽՈՒՆ /Սախանի Մայտիրօսին պատմածը/ մնա բուհերի բանասիրական ու էլի որոշ ֆակուլտետների ուսումնասիրության նյութ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել