MarkDietzen-1024x6821in.am-ը գրում է․

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վաշինգտոնում հիմնված «Ամերիկացիներն Արցախի համար» բարեգործական կազմակերպության ղեկավար, միջազգայնագետ Մարկ Դիթզենը, ով մասնագիտացած է Եվրոպական և Եվրասիական տարածաշրջանին, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցերում:

- Պարոն Դիթզեն, հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին բռնկված բախումները ակտիվացրեցին միջազգային հանրության ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ: Մենք արդեն հասցրել ենք հետևել նախագահների մակարդակով թվով երկու հանդիպման: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ դարձանք օգոստոսյան լարվածության ականատեսը, մի լարվածության, որն իր մասշտաբներով որակվեց, որպես աննախադեպ 1994թ. հաստատված հրադադարից հետո:

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության վերջին փուլը վկայում է ԼՂ հարցի վերաբերյալ Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականության կանխամտածված ակտիվացման մասին: Թեև Ադրբեջանը նպատակ ուներ շատ մեծ վնասներ պատճառել, քան նախկինում, կարծում եմ, որ  նրանք պատրաստ չէին հայկական զինուժի նման պատասխանի իրենց այս բռնկմանը: Սրա ապացույցն ադրբեջանցիների մեծաքանակ զոհերն ու վիրավորներն են պաշտպանվող հայկական կողմի համեմատությամբ: Բաքվի նոր ռազմատենչ քաղաքականությունը նպատակ ունի ընդլայնել այն վնասը, որը սովորաբար հասցնում է Արցախին ու Հայաստանին` այդպիսով բանակցային գործընթացում մեծացնելով Հայաստանի նկատմամբ ճնշումները: Սա ակհայտ է ինչպես Ադրբեջանի կազմակերպած դիվերսիոն գործողությունների աճի, այնպես էլ դիպուկահարների և գնդակոծումների փաստով, էլ չեմ նշում երկակի ռազմավարությունը` վնաս հասցնել հայկական երկու պետություններին թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես: Սա անարդյունավետ և վտանգավոր ռազմավարություն է:  Սա ուղղորդում է կողմերին անվստահության մթնոլորտի ամրապնդմանը, որը խափանում է հակամարտության խաղաղ կարգավորումը:  Բաքվի քաղաքականությունն անարդյունավետ է նաև Ադրբեջանի սեփական ազգային հետաքրքրությունների համար: Քանի դեռ այս քաղաքականությունը դիմակազերծում է Ադրբեջանին որպես ագրեսոր ԼՂ հակամարտությունում, ապագա բանակցային գործընթացը ավելի ու ավելի է օտարվում և հեռանում:

- Այդ լարվածությունից հետո Մոսկվան, փաստորեն, կարողացավ անմիջապես նախագահների միջև հանդիպում կազմակերպել Սոչիում, թեև դրան հաջորդեց նաև ամերիկյան նախաձեռնությունը: Հայաստանում կարծիք է շրջանառվում, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ռուսաստանին անհրաժեշտ էր հանդես գալ որպես խաղարար, միևնույն ժամանակ ցույց տալ ողջ աշխարհին իր կարողությունը Հարավային Կովկասում պատերազմ կամ խաղաղություն հաստատելու հարցում: Ի՞նչ եք մտածում այս մասին:

- Ես չեմ կիսում այդ կարծիքը: Ինչպես նշեցի իմ նախորդ պատասխանում, հրադադարի հաստատումից հետո ամենասարսափելի բախումը սահմանին հրահրվեց Բաքվի կողմից և ոչ Մոսկվայի: Ռուսաստանը չափազանց զբաղված է ուկրաինական զարգացումներով և չի ցանկանում մեկ այլ պատերազմ իր հարևանությամբ: Ես կարծում եմ, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի որոշումն ընդունել Պուտինի առաջարկը` առկախելով նախագահ Օլանդի առաջարկը, կարելի է բացատրել հետևյալով` և՛ Սարգսյանը, և՛ Ալիևը ԼՂ շուրջ ստեղծված լարվածության դեէսկալացիայի ամենանպատակահարմար ուղին դիտարկում էին Պուտինի հետ հանդիպումը:

Միևնույն ժամանակ, Պուտինն էր դիտարկում այդ հանդիպումը որպես քաղաքականապես նպատակահարմար քայլ` ուկրաինական ճգնաժամի ֆոնին աշխարհին ներկայանալով որպես խաղաղարար: Պուտինի առաջարկն ընդունելու որոշումը վկայում է մեկ այլ հանգամանքի մասին ևս, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Պուտինին դիտարկում են, որպես «առաջինը հավասարների շրջանում», թեև կան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ:

Այնուամենայնիվ, այն մտահոգությունը, որը որոշ հայաստանցիներ ունեն ԼՂ վերաբերյալ ռուսական մտադրությունների մասին, հիմք ունեն` հաշվի առնելով այն քաղաքականությունը, որը Ռուսաստանը վարում է Հարավային Կովկասում:  Օրինակ` թեև Հայաստանն ու Ռուսաստանը  ռազմավարական գործընկերներ են և ՀԱՊԿ անդամ երկրներ, և թեև Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն է, Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Բնականորեն, սա մարդկանց ստիպում է կասկածել Երևանի և Մոսկվայի հարաբերությունների անկեղծությանը և ստիպում է ՀՀ կառավարությանը բողոք հայտնել զենքի գործարքի վերաբերյալ: Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ անկախ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունից, Լեռնային Ղարաբաղի ապագան Ղարաբաղի հայերի և Հայաստանի էթնիկ կապվածության ձեռքում է:

- Պարոն Դիթզեն, նախագահական երկու հանդիպումներից հետո կողմերը չտարածեցին որևէ հայտարարություն  հանդիպումների բովանդակության  շուրջ: Սա անհանգստացնող չէ՞, ըստ Ձեզ:

- Ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի գործընթացում  թափանցիկության բացակայությունը կարծես անլուծելի հարց է դարձել: Մադրիդյան փաստաթուղթը  հենց այդ դեպքն է: Միայն կարդալն ու պարզ հարցեր տալն ակնհայտ է դարձնում, որ դա ամենաաղոտ դիվանագիտական փաստաթղթերից մեկն է և ամենավատերից մեկը:

Ո՞րն է հերթականությունը, որի համաձայն ցուցումները պետք է իրականացվեն: Մադրիդյան փաստաթուղթը չի պարզաբանում: Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի սահմանները, ինչպե՞ս է համաձայնեցված  հակամարտության կողմերի միջև: Փաստաթուղթը չի հստակեցնում: Կամ` ի՞նչ ասել է իրավաբանորեն պարտավորեցնող կամարտահայտություն: Սա չի՞ նշանակում արդյոք անկախության հանրաքվե: Սա ևս հստակ չէ: Ո՞վ է մասնակցելու այդ կամարտահայտությանը: Սա ևս պարզ չէ: Սրանք ընդամենը մի քանի կենսական հարցեր են, որոնք փաստաթղթում անպատասխան են ձևակերպված: Եվ այդ պատճառով է, որ ժամանակն է մի կողմ դնել այս սկզբունքները և սկսել աշխատել նոր փաստաթղթի վրա, որը կպատասխանի այս և այլ բարդ հարցերի հստակ և կազմակերպված կերպով:

Ինչ վերաբերում է վերջին երկու նախագահական հանդիպումներին, իսկապես եղան կարճ պաշտոնական հաղորդագրություններ և Սոչիում հանդիպումից և Պետքարտուղարության հաղորդագրությունից: Սոչիի հանդիպմանը հաջորդած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Ադրբեջանը ջանում է առաջ մղել ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերը բանակցություններում առավելություն ստանալու համար:

- Առաջիկայում նախագահները պետք է հանդիպեն Փարիզում` համաձայն Օլանդի առաջարկի: Ըստ Ձեզ` այս պայմաններում ինչի՞ շուրջ կարող են խոսել նախագահները` կրակի դադարեցմա՞ն, թե՞ հակամարտության կարգավորման սեղանին դրված սկզբունքների շուրջ:

- Հրադադարի պահպանումն ընթանում է հակամարտությունը կարգավորելուն զուգահեռ: Առանց հրադադարի նախագահները չեն կարող  համապատասխան հող ունենալ խաղաղության և շարունակական կարգավորման գործընթացի համար: Սոչիի հանդիպման ժամանակ և՛ նախագահ Սարգսյանը, և՛ Ալիևն ընդգծեցին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով: Խաղաղությունից խոսելը մեկ բան է, բայց դրա ապահովման համար իրական քայլեր իրականացնելն այլ բան է: Նախագահ Սարգսյանն արդեն իր դրական ներդրումներն արել է այս ուղղությամբ` իր պատրաստակամությունը հայտնելով սահմանային հատվածում հրադադարի խախտման դեպքերի ուսումնասիրության ԵԱՀԿ առաջարկի առնչությամբ: Սակայն այս բարի կամքը չընդունվեց Ալիևի կողմից:

- Պարոն Դիթզեն, չնայած մի շարք միջազգայնագետների դիտարկումներին, թե ԱՄՆ-ն տարածաշրջանում պասիվ է, Միացյալ Նահանգները, կարելի է ասել, փոքր-ինչ ակտիվացրել է իր ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: ԱՄՆ-ն հնարավորությունը բաց չթողեց Նյու Պորտում հանդիպում կազմակերպելու և ամերիկյան մոտեցումները նախագահներին ներկայացնելու համար: Խոսակցություններ կային, որ նախագահները պետք է հանդիպեն նաև Նյու Յորքում, սակայն պարզ դարձավ, որ նախագահների փոխարեն կհանդիպեն նախարարները, որը ևս կլինի ամերիկյան նախաձեռնությունը: Ինչպե՞ս եք գնահատում ամերիկյան ջանքերը և ի՞նչ ներգրավվածություն եք ակնկալում Միացյալ Նահանգներից:

- Ես դժգոհ եմ ԱՄՆ ջանքերից: Վաշինգտոնը պետք է ընդլայնի իր ջանքերը և ոչ Ռուսաստանի ղեկավարության հետ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցելու համար, այլ հակամարտության վերջնական կարգավորման ուղղությամբ Ռուսաստան-ԱՄՆ գործակցությունը վերակենդանացնելու համար:

Անկախ Ուկրաինայի շուրջ լարվածությունից, ԼՂ-ն այն հակամարտությունն է, որի շուրջ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են աշխատել և արդյունք ունենալ: Իհարկե, սա պահանջում է ավելի շատ ջանքեր:

Դեսպան Ուորլիքի մայիսյան հայտարարությունը դիվանագիտական սխալ էր` ըստ իս և հետքայլ ԱՄՆ միջնորդական ջանքերի համար: Այս քաղաքականությունը ԼՂ հակամարտությունն ավելի վտանգավոր դարձրեց, ինչպես տեսանք օգոստոս ամսին: Կարծում եմ, որ այս քաղաքականությունը պետք է փոխվի և պետք է կենտրոնանանք ավելի ֆորմալ բանակցային գործընթացի վրա, որի մասին իր կազմակերպած եռակողմ հանդիպման ժամանակ խոսել էր Ջոն Քերին: Ըստ իս` հակամարտությունում պետք է ամերիկյան միջնորդն ավելի բարձր դիվանագետ լինի: Ես հավատում եմ, որ օրինակ` նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը կարող է լավ թեկնածու լինել:  ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանին առանց նախապայմանների: Սա անհրաժեշտ է հակամարտության կարգավորման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել