Panorama.am-ը գրում է․
Սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք համաժողովի հազարից ավելի մասնակիցներ բուռն ծափահարություններով ընդունեցին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի անսպասելի հայտարարությունն առ այն, որ Կաթողիկոսարանը հայց է ներկայացնելու Թուրքիայի դատարան՝ պահանջելով վերադարձնել 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ իր առգրավված կալվածքները: Վեհափառը բացատրեց, որ նախքան այս կարևոր որոշման կայացումը, նա վերջին երկու տարիների ընթացքում խորհրդակցել է միջազգային իրավունքի մասնագետների հետ:
Հայտարարելով, որ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների նկատմամբ անտարբեր մնալը համազոր է ազգային դավաճանության՝ Կաթողիկոսը կոչ արեց հայերին ցեղասպանության հարցերը դուրս բերել ցեղասպանության ճանաչման և դատապարտման նեղ շրջանակներից և հեռու մնալ այն մտածելակերպից, թե Ցեղասպանության ճանաչումը Հայ դատի վերջնական նպատակն է: Ելնելով այն համոզմունքից, որ եկել է Թուրքիայից հայկական պահանջները իրավական դաշտ փոխադրելու ժամանակը, Վեհափառը հայտարարեց, որ Կիլիկիո Աթոռը մոտ ժամանակներս հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել իր պատմական կենտրոնը՝ Սիսի կաթողիկոսարանը: Կաթողիկոսն ասաց, որ եթե թուրքական դատարանը մերժի դատը, ինչը հնարավոր է, ապա Կաթողիկոսարանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ հիշյալ դատն անխուսափելիորեն «դուռ է բացելու» մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալվածքների վերադարձի թղթապանակին:
Թեպետ սա շատ լավ լուր է բոլոր նրանց համար, ովքեր տարիներ շարունակ առաջարկում էին Թուրքիայի դեմ դատ բացել, սակայն նման դատավարությունները պահանջում են մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներ բարձրակարգ միջազգային իրավաբանների կողմից: Ընդ որում, անկախ այն բանից, թե որքան արդար է մեր դատը, ոչ ոք չի կարող դրական արդյունք երաշխավորել դատարանում՝ հաշվի առնելով արտաքին տարբեր ազդեցությունները դատարանների վրա և ընթացակարգերի օգտագործումը որպես արդարացում՝ 100 տարվա վաղեմություն ունեցող գանգատը մերժելու համար:
Իր ելույթում Կաթողիկոսն ակնարկեց որոշ խոչընդոտների մասին, ընդունելով, որ «միջազգային օրենքներն այնքան էլ նպաստավոր չեն մեր դատի համար»: Ավելի մտահոգիչ է, որ նա կարծես թե հաշվի չի առնում նման դատական գործը տանուլ տալու դեպքում դրա կործանարար հետևանքները Հայ դատի վրա, պնդելով, որ «եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»: Թուրքիայի կառավարությունը, անշուշտ, կշահարկի նման բացասական վճիռը՝ ամբողջ աշխարհում խեղաթյուրելով իր հաղթանակը որպես Հայոց ցեղասպանության բոլոր պահանջների մերժում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



