12 ամենաօգտակարները սննդակարգիցCosmo.am-ը գրում է.

Աղջիկների լավագույն բարեկամներն ամենևին էլ ադամանդները չեն, այլ այն 12 մթերատեսակները, որ ուղղակի պարտադիր են, եթե ուզում ես մնալ միշտ երիտասարդ, գեղեցիկ և առողջ:

1. Կաթ

Սա առաջինն է, որ մարդն ստանում է աշխարհ գալուն պես: Մայրական կաթն ուղղակի անհրաժեշտություն է երեխայի առողջության ու լիարժեք զարգացման համար: Դա այդպես է, որովհետև կաթում առկա է սպիտակուց՝ տարր, որն անհրաժեշտ է մեր մաշկին, ոսկրերին, մազերին և եղունգներին, նպաստում է դրանց աճին ու վերարտադրությանը:

Կաթի մեջ առկա երկրորդ էլեմենտն ամինաթթուներն են: Դրանք ոչ միայն նպաստում են մարսողությանը, այլև բարելավում մկանային տոնուսը: Սակայն բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել ցածր յուղայնություն պարունակող կաթնամթերք խոլեստերինի մակարդակի բարձրացումից և ավելորդ քաշից խուսափելու համար:

Հավելում՝ կաթը պետք է լինի բնական, չվիտամինացված:

2. Մածուն

Պարունակում է նույն նյութերը, ինչ կաթը: Սակայն դրանցից զատ մածունն ունի բազում օգտակար բակտերիաներ, որոնք բարելավում են մարսողությունը և արագացնում մետաբոլիզմը: Դա կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր հետևում են իրենց արտաքինին և երազում ազատվել ավելորդ քաշից: Բայց եթե դու ստամոքսի հետ կապված խնդիրներ ունես (օրինակ՝ բարձր թթվայնություն), աշխատիր չչարաշահել մածունի օգտագործումը:

Հավելում՝ մասնագետների պնդմամբ՝ կալցիումն ավելի դյուրին է յուրացվում երեկոյան, այնպես որ մածուն խմիր քնելուց առաջ:

3. Հավի և ճագարի միս

Հավի և ճագարի միսը պարունակում են արդեն նշված սպիտակուցներն ու ամինաթթուները, իսկ դրանցից բացի` B խմբի վիտամիններ: Դրանք բարելավում են մարսողությունը և օժանդակում ածխաջրերի տրոհմանը: Ինչպես հայտնի է, ածխաջրերը բավական երկար ժամանակամիջոցում և մեծ դժվարությամբ են յուրացվում մեր օրգանիզմում, հետևաբար օգնականները դրանց տրոհման գործում բնավ չեն խանգարի: Բացի այդ, B խմբի վիտամինները բարելավում են սրտի և մկանների աշխատանքը, որը դարձնում է մեր օրգանիզմն ավելի առողջ, իսկ մեզ` ավելի գեղեցիկ:

Հավելում՝ առավել օգտակար է միսն ուտել խաշած վիճակում:

4. Ձուկ

Նախընտրությունը տուր ձողաձկների և սաղմոնների դասին պատկանող ձկներին: Դրանք պարունակում են, այսպես կոչված, չհագեցած ճարպաթթուներ, ունեն հակաօքսիդանտային ազդեցություն, բարձրացնում են տրամադրությունը և նույնիսկ բարելավում շարժողական կոորդինացիան:

Հավելում՝ եթե հետևում ես քաշիդ, կեր առավելապես ձողաձուկ. այն պակաս յուղալի է:

5. Գազար (նաև ճակնդեղ)

Բոլոր այս բանջարները պարունակում են բետա-կարոտին, որն ապահովում է մաշկի վերարտադրությունը, ինչպես նաև լավացնում տեսողությունը: Դրանից բացի, բետա-կարոտինն ի զորու է դանդաղեցնել ծերացման գործընթացը: Հենց սննդամթերքից վերցված բնական բետա-կարոտինն է, որ յուրացվում է աղիների կողմից առավել արագ, քան դեղատներում վաճառվող վիտամիններում պարունակվողը:

Հավելում՝ բանջարեղենը պետք է ուտել հնարավորինս հում վիճակում, քանի որ միայն այդ դեպքում է նրանցում պահպանվում օգտակար նյութերի առավելագույն քանակը:

6. Կիվի (նաև ցիտրուսներ, անանաս)

Այս մրգատեսակները խորհուրդ է տրվում ուտել թարմ վիճակում, առանց ջերմամշակման ենթարկելու կամ պահածոյացնելու: Նրանցում պարունակվող ամենակարևոր էլեմենտը վիտամին B-ն է: Այն բարելավում է մետաբոլիզմը, հանում սթրեսը, բարձրացնում տոնուսը, առավել դյուրին դարձնում երկաթ պարունակող մթերքների յուրացումը / օրինակ՝ խնձորը /:

Հավելում՝ այս մթերքները նաև ամրացնում են իմունային համակարգը, ինչը հատկապես արդիական է աշուն-ձմեռ շրջանում: Բացի այդ, անանասը ազդեցիկ միջոց է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարի գործում:


7. Մանգո

Սա մի շատ օգտակար և էլեմենտներով հարուստ միրգ է: Այն պարունակում է A, B և C խմբերի վիտամիններ և ամինաթթուներ: Մանգոն հանում է սթրեսը, հիանալի տրոհում ածխաջրերը: Համադրության մեջ հասուն մրգի բոլոր էլեմենտները և վիտամինները օգնում են ազատվել ավելորդ քաշից և բարելավել մկանային տոնուսը:

Հավելում՝ մանգոն բարերար ազդեցություն ունի տեսողության վրա, օգնում է հավկուրության, մրսածության, ռինիտի դեպքերում: Կանաչ պտուղները կարգավորում են աղիների աշխատանքը:

8. Բալ

Այս քաղցր և հյութալի միրգերից ոչ միայն համեղ է, այլև օգտակար: Այն պարունակում է կարոտին, որը դուրս է բերում օրգանիզմից շլակները և բարձրացնում նրա դիմադրողականությունը: Դրանից բացի, բալում առկա է վիտամին C, որը հիանալի հակադեպրեսանտ է: Բալը նաև օգնում է թոքերի, երիկամների հիվանդությունների, սակավարյունության դեպքերում:

Հավելում՝ բալը դիետիկ մթերք է համարվում: Այն օժանդակում է ախորժակի և մարսողության բարելավմանը, հագեցնում է ծարավը և ունի անգամ հակաբորբոքային ներգործություն:

9. Մոշ

Այս քիչ հանդիպող անտառային հատապտուղը պետք է դառնա քո սեղանի հաճախակի հյուրը, քանի որ պարունակում է B խմբի վիտամիններ և ամինաթթուներ, ինչպես նաև գլյուկոզա և տոկոֆերոլներ: Մոշը կարգավորում է նյութափոխանակությունը, հորմոնալ և աղաջրային փոխանակությունը, նպաստում է էներգիայի ավելացմանը, մաշկի վիճակի բարելավմանը:

Հավելում՝ մոշը պարունակում է մեծ քանակությամբ բիոֆլավոնոիդներ, որոնք հիանալի հակաօքսիդանտ են համարվում:

10. Դդում

Դդումը պարունակում է կալիումի, կալցիումի, մագնիումի, երկաթի, շաքարի աղեր, C, B, B2, PP վիտամիններ, սպիտակուցներ, բջջանյութ, ինչպես նաև բետա-կարոտին, որն օժանդակում է մաշկի վերարտադրությանը:Այստեղ կա նաև ցինկ, որը պատասխանատու է աճի հորմոնի համար: Սա է պատճառը, որ դդմի պարբերական օգտագործումը դրական է ազդում մազերի և եղունգների աճի վրա:Սելենը դդմի ևս մի օգտակար բաղադրիչ է, որը դանդաղեցնում է ծերացման գործընթացը, օգնում է նվազեցնել քաշը՝ դուրս բերելով շլակները օրգանիզմից:

Հավելում՝ դդումը հարուստ է E վիտամինով, որը կարոտինի հետ միասին նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը:

11. Ծաղկակաղամբ

Այս մթերքը նույնպես չափազանց հարուստ է օգտակար նյութերով, օրինակ` բուսական կոլլագենով, ամինաթթուներով, հանքանյութերով / ցինկ, սիլիցիում, մագնիում, նատրիում, կալիում, կալցիում, մարգանեց, սելեն, երկաթ, բոր, պղինձ, քրոմ /: Դրանք բջիջներում պահում են ջրի անհրաժեշտ քանակ, օգնում են սրտի աշխատանքին, բարելավում մարսողությունը, դանդաղեցնում ծերացման գործընթացը, հիանալի պրոֆիլակտիկ միջոց են հանդիսանում սրտանոթային հիվանդությունների, ճարպակալման, շաքարային դիաբետի դեմ:

Հավելում՝ արտաքին օգտագործման պարագայում ծաղկակաղամբը ակտիվացնում է բջջային գործընթացները, հարթեցնում կնճիռները, խոնավացնում է մաշկը և սնում այն թթվածնով, վերացնում է այտուցները և գրգռվածությունը, օժանդակում վերքերի և այրվածքների ապաքինմանը:

12. Ընկույզ

Հավանաբար դու կզարմանաս՝ իմանալով, որ ընկույզն օգտակար է, ընդ որում` դրա բոլոր տեսակները: Ընկույզը մեծ քանակությամբ վիտամինների, հանքանյութերի, սպիտակուցների,անհրաժեշտ ճարպերի աղբյուր է: Ամենօրյա օգտագործման դեպքում այն լավ է սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, տեսողության հետ կապված խնդիրների կանխարգելման, դաշտանի ցիկլի կարգավորման համար:

Հավելում՝ եթե դու հաճախ ես զգում ուժերի, օրգանիզմի ընդհանուր տոնուսի անկում, կամ էլ սթրեսներ ու դեպրեսիաներ ես ունենում, ընկույզը լավագույն դեղամիջոցն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել