Panorama.am-ը գրում է․
Իտալական մամուլն այս օրերին ակտիվ անդրադարձ է կատարում Վատիկան կատարած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցին: Ուշագրավ է, որ ՀՀ նախագահի այցին ընդառաջ իտալական մամուլն անդրադառնում էր այն թեմաներին, որոնք փոխադարձ կարևորություն և հետաքրքրություն են ներկայացնում պաշտոնական Երևանի ու Սուրբ Աթոռի համար:
Ինչպես հայտնել ենք , Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:
Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա: Ցուցահանդեսը բացվել է դեռևս օգոստոսի 24-ին՝ Իտալիայի Ռիմինի քաղաքում. նախատեսված է այն ներկայացնել աշխարհի բազմաթիվ քաղաքներում:

Հռոմում կայանալիք երկշաբաթյա ցուցադրության մեկնարկը տրվեց Հայաստանի նախագահի մասնակցությամբ և բավականին լայն լուսաբանում գտավ իտալական մամուլի էջերում:
«Internationale»-ն «Արևելքի հավատացյալը» հրապարակմամբ անդրադարձել է ցուցահանդեսին և նշել. «Քրիստոնեությունն իր ծագման տարածաշրջանում ներկայումս փոքրամասնություն է: Հավատացյալների թիվը տատանվում է 10-13 միլիոնի շրջանում, հետևաբար նրանք կազմում են բնակչության 2-5 տոկոսը: Վերջին տարիների հակամարտություններն ու բռնությունները, փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումները նրանց թիվն ավելի են նվազեցրել: Լուսանկարիչ Միքելե Բորզոնին երեք տարիների ընթացքում վավերագրել է Եգիպտոսի, Թուրքիայի, Իսրայելի, Իրաքի, Արևմտյան ափի, Հորդանանի ու Լիբանանի քրիստոնյա համայնքների կյանքը: Նրա աշխատանքները դարձել են ցուցահանդես՝ «Արևելքի առակը. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև», որը կազմակերպել են Վատիկանում Հայաստանի դեսպանությունը և Սանտ Էջիդիո համայնքը, և ներկայացված է Հռոմի Վիտորիանո ցուցասրահում: Այն բացվել է սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ և կտևի մինչև հոկտեմբերի 1-ը»:

«L’Osservatore Romano»-ն «Արևելքի առակը» հրապարակմամբ ևս անդրադարձել է ցուցահանդեսին ու նշել, որ Հռոմից հետո այն հյուրընկալվելու է Բրյուսելում, Ժնևում, Նյու Յորքում և այլուր: Իտալական պարբերականն ընդգծել է, որ ցուցադրության ներկայացված լուսանկարներն ուղեկցվում են տեքստային պարզաբանումներով, ինչն հնարավորություն է տալիս ավելի խորը պատկերացում կազմել Արևելքում քրիստոնյաների ունեցած խնդիրների մասին:
«L’Huffington Post»-ը «Միքելե Բորզոնին լուսանկարում է Արևելքի հալածված քրիստոնյաներին: Ռեպորտաժ ցուցահանդեսից» վերնագրի ներքո լուսաբանել է ոչ միայն ցուցահանդեսը, այլ ընթերցողների դատին է ներկայացրել մի շարք ուշագրավ ցուցանմուշներ:
Պարբերականի հետ զրույցում ինքը՝ ֆլորենցիացի լուսանկարիչը, նշել է, որ աշխատանքը «ներկայության և բացակայության տուրք է», նաև փորձ՝ հնչեցնելու ու բացատրելու իսլամի ու քրիստոնեության խորը կապը: Նրա խոսքով, երկու կրոնները հազարամյա հարաբերությունների փորձ ունեն, բայց այդ հարաբերությունները ժամանակի ու լարված հակամարտությունների պատճառով ավելի դժվարին են դառնում, և տեղի են ունենում հարձակումներ ոչ միայն քաղաքացիական անձանց վրա, այլև գեղարվեստական ու մշակութային ժառանգության վրա, ու այս ամենը՝ Արևմուտքի լռության պայմաններում:

Իտալական առաջատար «Corriere dela sera»-ն «Ագրեսիա Արևելքի քրիստոնյաների նկատմամբ» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է ցուցահանդեսին, և մի ուշագրավ դիտարկում արել: Թերթի լրագրողը, քննարկելով Արևելքում քրիստոնեական ժառանգության ոչնչացման թեման, մատնանշել է Վանի Աղթամար եկեղեցին. «Վանդալիզմի ենթարկվելով 1915 թվականին` եկեղեցին վերաբացվել է 2007 թվականի մարտին` որպես արդեն աշխարհիկ թանգարան` թուրքական անվամբ, Աթաթուրքի դիմանկարով և առանց հայկական խաչի: Դա այն դարաշրջանն էր, երբ հայերին դուրս քշեցին Անատոլիայից»:
Պարբերականը նշել է, որ «ցեղասպանություն վերապրածների ժառանգներն Աղթամարում տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ աղոթք անելու իրավունք ունեն»: Հոդվածագիրն, ըստ ամենայնի, ընկալել է ցուցահանդեսի ուղերձը. «Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ քրիստոնյա բնակչությունը Սիրիայում և Իրաքում կրկին վերապրում է իսլամական ծայրահեղականության դրսևորման մի նոր փուլ, որը վերստին կենդանացնում է քրիստոնյաների դեռևս արնահոսող վերքը»:
«Il Giornale»-ն «Քրիստոնյաների անվերջ կոտորածը (Կովկասից մինչև Իրաք և Սիրիա)»հրապարակմամբ ծավալուն անդրադարձ է կատարել ինչպես Հռոմում կազմակերպված ցուցահանդեսին, այնպես էլ Արևելքի քրիստոնյաների հարյուրամյա հալածանքներին, որի առանցքում Հայոց ցեղասպանությունն է:
«Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ճակատագիրը կտրուկ բեկման ենթարկվեց Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի իշխանության գալով, որոնք սկսեցին հայերին և ասորի-քաղկեդոնականներին դուրս մղել իրենց հողերից»,- գրել է պարբերականն ու նշել, որ 1915 թվականի ցեղասպանության ժամանակ քրիստոնյաների մեծ մասը գաղթեց Ցարական Ռուսաստան (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս), սակայն բռնի թուրքացումից խուսափած քրիստոնյաներին այլ վախճանի արժանացան. «Բոլշևիկյան հեղափոխությունից հետո ռուս զինվորները թողեցին կայսրության հարավային սահմանները, ինչից էլ օգտվեցին օսմանյան զորքերը, որոնք սկսեցին բնաջնջել այդտեղի քրիստոնյաներին: Մյուս կողմից էլ արդեն Խորհրդային Միությունում տեղ գտած քրիստոնյաները ենթարկվեցին ստալինյան տեռորին, նրանց եկեղեցիները փակվեցին, իսկ մի մասն էլ աքսորվեց Սիբիր»:

«Ցեղասպանության ենթարկվածներն այնպես են ցրվել ողջ աշխարհով մեկ, որ ներկայումս նույնիսկ անհնար է որևէ հաշվառում կատարել»,- նշել է «Il Giornale»-ն ու ընդգծել, որ հետապնդումներն ու ջարդերն այսօր էլ շարունակվում են և տեղ են գտնում ամենուրեք. «Թեև Արևմուտքը նրանց կողմից է, սակայն չափազանց դանդաղ է շարժվում: Նրանք գիտակցում են, որ դա նաև իրենց գաղութատիրության հետևանքն է և վախենում են, որ իրենց միջամտությունը կդիտվի որպես նոր խաչակրաց արշավանք: Սակայն նրանք շատ հաճախ ստիպված են լինում չափազանց բարձր գին վճարել իրենց ժլատության և քաղաքական հաշվարկների համար: Արևմուտքն դրա փոխարեն այտն է դեմ տալիս, սակայն նրանց այտը, ովքեր անկարող են իրենց պաշտպանել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



