Tert.am-ը գրում է․
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը, ով շուրջ 25 տարի զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ազդեցիկ գործիչ է, կիսով չափ հայ է, կիսով չափ՝ իռլանդացի, սակայն իրեն համարում է 100 տոկոսով հայ և 100 տոկոսով իռլանդացի: Tert.am-ի հարցին, թե ինչ ծրագրեր է նախաձեռնում Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցների համար, ասաց, որ այժմ մի ծրագրի վրա է աշխատում, որի շնորհիվ ամերիկաբնակ մեր հայազգի երիտասարդները հնարավորություն կունենան ներգրավվել ամերիկյան քաղաքականության մեջ, կսովորեն աշխատել նախընտրական գրասենյակներում. «Թեպետ հայերը լիովին դուրս չեն քաղաքական գործընթացներից, այնուամենայնիվ, մենք այսօր չունենք այն ազդեցությունը, որը կարող ենք ունենալ»:
-Պարո՛ն Քութուջյան, հաջորդ տարի Հայաստանը նշում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Որպես ամերիկյան քաղաքականությանը քաջատեղյակ և անմիջական մասնակից, ի՞նչ եք կարծում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի՞ «ցեղասպանություն» բառն իր իրավական լիարժեք նշանակությամբ:
-Մեծ հույս ունեմ, որ Բարաք Օբաման 2015-ի ապրիլի 24-ին կօգտագործի «ցեղասպանություն» բառը: Որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, նա խոստացել է, որ կօգտագործի այն: Նման խոստում են տվել է նաև նախագահներ Բուշ կրտսերը և Բիլ Քլինթոնը:
-Ձեր կարծիքով Հայաստանն ու սփյուռքն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի Ցեղասպանության 100-ամյակի և Արցախի ճանաչման հետ կապված մեր ակնկալիքներն իրականություն դառնան:
-Կարծում եմ անհրաժեշտ է շատ ավելին, քան միայն երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն են: Իմ կարծիքով համաշխարհային քաղաքականության մեջ պետք է տեղի ունենան երևույթներ, որոնց մենք ամենայն հավանականությամբ ականատես կլինենք: Բացի Արցախից այդ երևույթները բնորոշ են նաև անկախության ձգտող այլ երկրներին:
-Դուք համաձա՞յն եք, որ ազգերի ինքնորոշմանը միտված գործընթացներն այժմ ավելի ու ավելի լայն տարածում են գտնում ողջ աշխարհով: Եթե այո, ապա այդ նոր հնարավորությունները կարո՞ղ են, ի վերջո, հանգեցնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը:
-Անշուշտ: Կարծում եմ՝ ԱՄՆ-ն ժամանակին օգտվել է իր իրավունքից և ճանաչել է այլ երկրների ինքնորոշման իրավունքը: Ցավոք, հարցի լուծումը ավելի լայն աշխարհաքաղաքական շրջանակների մեջ է: Եվ ահա այստեղ է, որ Արցախի անկախությունը ճանաչելու մեր ջանքերը սահմանափակված են՝ չնայած ինձ նման բազմաթիվ մարդկանց կողմից գործադրվող ջանքերին:
-Նույն հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը. ի՞նչ պետք է անի աշխարհասփյուռ հայությունը, որպեսզի 100-ամյակի հետ կապված մեր սպասումներն իրատեսական դառնան:
-Մեզ պետք է ինքնակազմակերպվել: Մեր ձայնը պետք է լինի բարձր և միասնական: ԱՄՆ-ում բազմաթիվ խմբեր կան, որոնք փորձում են ինքնակազմակերպվել: Այդ ջանքերը ես տեսնում եմ նաև Վաշինգտոնում, ինչը իմ կարծիքով նշանակալի առաջընթացի կարող է բերել: Մենք՝ որպես ազգություն, որպես միասնական խումբ, որպես ամերիկահայություն, պետք է խոսենք մեկ միասնական ձայնով և ջանքեր գործադրենք այդ ձայնը լսելի դարձնելու համար:
-Ամերիկյան քաղաքական «իսթեբլիշմենթում» Դուք ազդեցիկ և բարձր հեղինակություն վայելող քաղաքական գործիչ եք: Ի՞նչ կոնկրետ սպասելիքներ ունեք ԱՄՆ-ից 2015 -ին:
- Ակնկալում եմ միայն ճշմարտություն և դա ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Անցյալի ձախողումները հաշվի առնելով, ցավոք, չեմ կարծում, որ ԱՄՆ-ը անպայման կանի դա, սակայն ակնկալում եմ, որ Ամերիկան կընդունի ճշմարտությունը:
-Կարծում եք՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակներից Հայաստան 100-ամյակին կգա՞ն:
-Այո՛, ակնկալում եմ, որ 2015-ին մենք, պատկերավոր ասած, կօգտագործենք մեր զինանոցի բոլոր զենքերը, որպեսզի Կոնգրեսին և Նախագահին համոզենք, որ մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության ճանաչման կարիք ունենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



