Վերջին օրերին հայկական մամուլում ի հայտ եկան հայերի համար անսովոր հակառուսական հոդվածներ, որոնք անհանգստություն կարող էին պատճառել ոչ միայն Ռուսաստանում ապրող` այլ ընդհանրապես ամբողջ աշխարհի հայությանը, քանի որ ռուս-հայկական հարաբերությունների վատթարացումը հիմնովին կփոխի թե՛ հայաստանի և թե՛ Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ռազմավարությունը: Ոճրագործին հունգարիայի կողմից նրա պետությանը հանձնելը վնասել է յուրաքանչյուր հայի ինքնասիրությունը և դա արտահայտվել է պետական ամենաբարձր մակարդակով` երկրի նախագահի կողմից և Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ: Այս պարագայում բնականաբար յուրաքանչյուր ոք, ով կամա թե ակամա նպաստել է հայերիս այսօրինակ ստորացմանը` դառնում է մեզ համար ատելի գործիչ: Ադրբեջանական մամուլը մատնացույց է արել Ռուսաստանի Դաշնության նախագահի վրա` որպես Հունգարիայի այդ քայլը խրախուսողներից մեկը և դժբախտաբար շատ հայեր պատրաստ են դրան հավատալու, սակայն ես չեմ ուզում հավատալ, որ Ռուսաստանի նախագահի նման հեռատես ու խիզախ քաղաքական գործիչը կարող էր նպաստել նման սխալ գործարքի կայացմանը, բայց սիրով ուզում եմ հավատալ, որ շատ շուտով` որպես հակահարված այս ամենի` Ռուսաստանը կամ որևէ ժողովրդավարական պետություն կճանաչի Արցախի անկախությունը և հետզհետե կավելանան այն պետությունները, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը, որովհետև Աստված մեզ հետ է: Աղոթում եմ Գուրգեն Մարգարյանի և Վահե Ավետյանի հոգիների հանգստության համար:



