Lragir.am-ը գրում է․
Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)
Պարոն Տեր Թադևոսյան, Ադրբեջանն իր դիպուկահարներին հետ չի քաշում սահմանից: Ընդհանրապես, հարաբերական դադարն ինչ-որ ձևով փոխվե՞ց այս ամիսներին: Ի՞նչ վիճակ ունենք այսօր սահմանին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նպատակ է դրել մեզ լարվածության մեջ պահել, և նա այդ գիծը շարունակելու է: Ադրբեջանին դա ձեռնտու է, որովհետև, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի բանակն այնքան էլ մարտունակ չէ: Թեև Ալիևը մի քանի մարտունակ ջոկատներ է ստեղծել, սակայն դրանք էլ ձախողվեցին, ու որպեսզի նա այս պարտություններից հետո իր վարկանիշը չգցի, լարվածությունը մեծացնելուն ուղղված գործողությունների երկրորդ փուլն է սկսում: Այսինքն՝ Ալիևը մնում է Ալիև և շարունակելու է իր հին երգը երգել:
Օրերս Սեյրան Օհանյանն ասել է, որ Ադրբեջանի կողմից թույլ տված խախտումները միջազգային ասպարեզում անարձագանք են մնում: Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի պատրաստվածությունը, ինչպես նաև մեր դիրքերը միջազգային ասպարեզում:
Ես կարծում եմ, որ մենք կարող էինք նրանց քիթումռութը մի լավ ճմռթել: Մեր ազատամարտիկները հերոսության շատ բարձր նշաձող են դրել և այն փոխանցել երիտասարդներին, որոնք լավ գիտեն, որ իրենց հայրերը, հորեղբայրներն ու պապիկները կռվել ու հաղթել են: Նրանք հաղթանակի երեխաներն են, ու թեև սահմանին կանգնած և վախ են զգում, և դժվարություններ են ապրում, բայց իրենց ներսում հաղթողի վստահությունը ունեն: Նրանք գիտեն, որ մենք հաղթել ենք: Նրանց դիմաց կանգնած է ադրբեջանցի զինվորը, որի հորեղբայրը, քեռին ու պապիկը պատերազմում թողել-փախել են: Նրա հոգեբանությունը ի՞նչ պիտի լինի:
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մենք բոլորս հայ ենք, լավ ենք, վատ ենք, իրար հետ ժամանակ առ ժամանակ կռվում ու բարիշում ենք, բայց Ադրբեջանում շատ ազգեր կան՝ թաթեր, թալիշներ և այլն, որոնք լեզվական ու մշակութային տարբերություններ ունեն, նաև թշնամանք կա նրանց միջև:
Օրինակ, ԱՄՆ ԿՀՎ-ն վերլուծություն է արել և նշել, որ Ադրբեջանին 15 տարի է մնացել որպես միասնական պետություն գոյատևելու: Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների շրջանում ինքնագիտակցությունն աճում է, նրանք ուզում են իրենց լեզուն, իրենց անցյալն իմանալ, իրենց սովորություններն ու մշակույթը պահպանել, ուստի հիմա Ալիևը մեծ խնդրի առջև է կանգնել: Դուք լավ գիտեք, թե ինչպես են այդ երկրում ճնշում լրագրողներին ու իրավապաշտպաններին:
Մենք խաղաղ պայմաններում ենք միմյանց վատ վերաբերվում, իրար քննադատում, բայց դժվար պահին ամեն բան մոռանում ենք, ու շատերը հայտարարեցին՝ տվեք զենք, գնանք առաջին գիծ: Արդյունքում այնքան գնացինք, որ թուրքերի երեխաները փախան դիրքերից: Ադրբեջանի ժողովուրդը չի ուզում կռվել:
Հավատացեք, Հայաստանն իր բանակով լավ պաշտպանված է: Իհարկե, կան թերություններ, քանի որ ինչքան աշխատում ես, այնքան թերություններ են լինում, որքան շատ ես աշխատում, թերություններն այնքան շատ են լինում, բայց չի կարելի դրանք հիմք ընդունելով հայտարարել, թե մեր սահմանները լավ չեն պաշտպանված: Ժամանակը ցույց տվեց, որ մենք ավելի մարտունակ ենք, և ես կողմնակից եմ, որ ադրբեջանցիներին մի լավ դաս տանք:
Վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը խոսել է բանակցությունների ձևաչափը փոխելու անհրաժեշտության մասին: Ո՞րն է ձեր կարծիքն այս առնչությամբ:
Ուորլիքը հայտարարել էր, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին: ԱՄՆ-ում մեկ ամիս առաջ երկու մեծ իրադարձություն եղավ. Նախ՝ ԱՄՆ Կոնգրեսում դրվեց հայկական հարցն ու չանցավ, երկրորդ՝ ԱՄՆ ամենամեծ նահանգներից մեկը՝ Կալիֆոռնիան, ճանաչեց Ղարաբաղի անկախությունը: Հիմա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մրցակցությունը կթեժանա Ղարաբաղում իրենց լծակներն ամրացնելու, իրենց ազդեցությունը մեծացնելու հարցում: Մահմեդական երկրների մեջ, որոնք չափ ու սահման չունեն, Ղարաբաղը քրիստոնեական կղզյակ է, ու դա հասկանում են նաև նրանք, որոնք այսօր ստիպված են պայքարել «Իսլամական պետությանե դեմ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



