ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը գտնում է, որ Ադրբեջանի հետ հիմա բանակցություններ վարելն անիմաստ է, ինչում ես լիովին համաձայն եմ նրա հետ։ Համաձայն եմ նաև նրա այն պնդման հետ, որ Սաֆարովի հարցը մենք դեռ կարող ենք ի օգուտ մեզ օգտագործել՝ Արցախի հարցի վրա կենտրոնացնելով համաշխարհային հանրության ուշադրությունը։
Ասեմ ավելին, կարծում եմ, որ ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը արդեն մի քանի տարի է, ինչ ցուցադրաբար առհամարում է Մինսկի խմբում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև զինադադարի նորմերը, ապա ժամանակն է, որ մենք էլ ատամներ ցույց տանք ու պաշտոնական հայատարություն տարածենք, որ եթե Սաֆարովի պատմությունն անհետևանք մնա, ապա Հայաստանի Հանրապետությունը կճանաչի ԼՂՀ անկախությունն ու ռազմական դաշինք կկնքի Արցախի հետ։ Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր ռազմական հռետորիկայով ու հայատյացությամբ այնքան է տարվել, որ դասերը սերտում է միայն, երբ ճակատին ես տալիս։



