Հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո, հունգար ժողովրդի արձագանքից ելնելով, հետ է վերցնում իր խոսքերը, թե ամաչում է, որ հունգարացի է:


«Այն ինչ սկսվել է Հունգարիայում արտահանձնումից հետո, հասկանալի է դառնում, որ Հունգարիայի ժողովուրդը բարոյական արժեքների տեր է և պահանջում է կառավարությունից այս հարցը լուծվի: Այսքանից հետո տեսնելով հունգար ժողովրդի կեցվածքը, հիմա ասում եմ, որ հպարտ եմ, որովհետև նաև այս դժվար պահին ցույց տվեց, որ հայերի բարեկամն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և նշեց, որ թվով երկու բողոքի ակցիա են անցկացրել հունգարացիները, դեռ մեկն էլ առաջիկայում է նախատեսվում, որին մասնակցելու համար հազարավոր մարդիկ են ցանկություն հայտնել: Այնուհետև նա մեջբերեց Հունգարիայի ընդդիմության արձագանքները՝ նշելով, որ վերջիններս կիսում են հայերի վրդովմունքը և պահանջում իշխանություններից հարցի լուծում:

Միաժամանակ հայագետի խոսքով՝ Հունգարիայի կառավարությունը դրդված է նման քայլ արել: Ըստ նրա, սխալն այն է եղել, որ չի պատկերացրել, թե վտանգն այսքան մեծ է, ուստի նրա պնդմամբ՝ Հայաստանում Հունգարիայի հյուպատոսարանի դռան վրա գրված այն հայտարարությանը, թե Հունգարիան ծախվել է՝ սխալ է: «Ոչ թե այն է պատահել, որ Ադրբեջանն ուղղակի փող է տվել, որ արտահանձնեն, այլ ուղղակի Հունգարիան հսկայական տնտեսական ճգնաժամի մեջ է, և Ադրբեջանը ստանձնել է 3 մլրդ դոլարով Հունգարիայի պարտքը ծածկել: Այդ գործարքը նույնիսկ դեռ տեղի չի ունեցել: Հունգարիան տեղյակ էր վտանգից, որ Սաֆարովին հնարավոր է ազատ արձակեն, այդ իսկ պատճառով երաշխիք էր պահանջել և Արդարադատության նախարարությանը նամակով վստահեցրել էր, որ Սաֆարովը Բաքվում շարունակելու է պատիժը»,- ասաց նա և համոզեց, թե այս ամենի պատճառն այն էր, որ Հունգարիան այնքան փորձ չունի Ադրբեջանի վերաբերյալ, ինչքան Հայաստանն ունի:

Հայկական լրատվամիջոցների այն վերլուծությունը, թե Հունգարիայում պանթյուրքիզմ տարածված է՝ հայագետի կարծիքով՝ տեղին չէ: «Մի կուսակցություն է՝ Յոբբին, որը կապ ունի Ադրբեջանի հետ և որի միջամտությամբ 2004-ին դեսպանատուն բացվեց»,- ասաց նա և վստահեցրեց, որ իշխող կուսակցությունը հայամետ է:

«Օրինակ, Յոբբին մի օրինագիծ էր ուզում անցկացնել, Խոջալուի դեպքերի մասին, բայց այն չի դրվել օրակարգում»,- ասաց նա և նշեց, որ բացի այդ՝ երկու հայ կա իշխանությունում:

Խոսելով առաջացած իրավիճակից դուրս գալու լուծման ճանապարհներից, Բենեդեկ Ժիգմոնդը նշեց, որ ըստ իրեն՝ կառավարությունը պետք է ներողություն խնդրի Հայաստանից և հենց ինքն էլ այս պահին միջազգային ֆորումների միջոցով փորձի լուծել այս հարցը, քանի որ պարտավորությունն իր վրա է: Ըստ նրա, Հունգարիան արդեն իսկ սկսել է Ադրբեջանից պատասխան պահանջել:

Նյութը՝ Tert.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել