Վարդան Օսկանյանը «Ալ Ջազիրա»-ում հրապարակած հոդվածում, որը կրում է «Շոտլանդիան և հնարավոր այլ ազգ-պետությունները» վերնագիրը, խոսում է Շոտլանդիայի անկախության հանրաքվեի մասին։ Նա հարցադրում է անում, թե ինչ ազդեցություն կունենա Շոտլանդիայի փորձը ինքնորոշման ձգտում ունեցող այլ ազգերի վրա։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև: Շոտլանդիայում հանրաքվեի միջոցով ինքնորոշման իրավունքի իրացումը առաջինը չէ, ոչ էլ վերջինն է լինելու հիմնարար այդ իրավունքն իրացնելու ազգերի ջանքերում/մաքառումներում: Արևմուտքը, աջակցելով Կոսովոյին հանրաքվեի և ճանաչման միջոցով, շատ զգուշորեն կրկնում էր՝ դա չի կարող նախադեպ լինել մյուսների համար: Պարզ պատճառով: Ոչ միայն այն պատճառով, որ աշխարհում կան շատ ազգեր, որոնք ինքնիշխանության են ձգտում, այլև այն պատճառով, որ Կոսովոյի ինքնիշխանության ճանապարհին Արևմուտքը խախտեց շատ ու շատ կանոններ և միջազգային նորմեր, որոնք դուրս են քաղաքական նպատակահարմարությունից: Շոտլանդական հանրաքվեի բացառիկությունն այն է, որ անհերքելիորեն օրինական է և լեգիտիմ ու դառնում է ինքնորոշման նոր պարադիգմ աշխարհի համար: Այս անգամ արդեն չկան եթե-ներ կամ բայց-եր, ինչպես եղել է ինքնորոշման համար մղված մյուս պայքարների դեպքում: Այս նոր պարադիգմի առանցքային տարրերն են պատմությունը, ազգայնականությունն ու առկա նոր իրականությունը: Պատմությունը կարևոր դրույթ է՝ հաշվի առնելով և՛ կոնկրետ իրավիճակի ծագումը, և՛ դրա էվոլյուցիան, որը տանում է ժամանակակից ստատուս քվոյի։ Մի բան, որը կողմերից մեկը կցանկանար փոխել: 1707թ. Անգլիայի և Շոտլանդիայի միջև ստեղծված միությունը երկու խորհրդարանների կամավոր գործողության արդյունք էր, որը հանգեցրեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստեղծմանը: Այս միության 300 տարիների ընթացքում շատ բան է փոխվել՝ ազդելով Միության բուն հիմքերի ու սկզբունքների վրա: Պատմական հենքը Եվրոպացի հանրահայտ պատմաբան Նորման Դևիսը, որը ծագումով Ուելսից է, 2012թ. կանխատեսել էր, թե անհավանական է, որ Միացյալ Թագավորությունը հարատևի, քանի որ հիմքերը, որոնց վրա կանգնած է պետությունը՝ Բրիտանական Կայսրությունը, կայսերական նավատորմն ու բողոքական գաղափարախոսությունն ու միապետությունը, կա՛մ վերացել են, կա՛մ քայքայվել: Անջատողական յուրաքանչյուր միավոր ունի մեկ այլ պետության պատկանելու իր սեփական պատմությունը: Նախկին խորհրդային տարածքում անջատողական շարժումների մեծ մասը Ստալինի՝ 1920-ականների սկզբին իրականացրած «Բաժանի՛ր, որ տիրե՛ս քաղաքականության» արդյունքն են: Այդ քաղաքականությունը հանգեցրեց էթնիկ անկլավների խճանկարի ձևավորմանը՝ Կրեմլի վերահսկողությունը հեշտացնելու նպատակով: Խորհրդային Միության փլուզումը բացեց ազգային ընդվզումների պարկը՝ գործողության դնելով անկախության հանրաքվեների մի ամբողջ շքերթ, որոնց մեծ մասը մինչև հիմա միջազգային ճանաչման են սպասում: Երկրորդ տարրը՝ ազգայնականությունը, ուժեղ գործոն է: Սթրաթֆոր վերլուծական կենտրոնի վերջին վերլուծության մեջ Ֆրիդմանը գրում է․ «Դիտորդի տեսանկյունից Շոտլանդիան և Անգլիան ազգային մեկ հիմքով (բրիտանական) երկու հրաշալի տարբերակներ են, և կարիք չկար նրանց ընկալել որպես երկու պետություն: Եթե երբևէ ազգային պատկանելության հարցը, բացի մշակութային տարբերությունից, պետք է մեջտեղից դուրս գար, ապա դա շոտլանդացիների ու անգլիացիների դեպքն էր: Այժմ պարզվում է, որ պատկանելության հանգամանքն անխոցելի է»։ 19-րդ դարում եվրոպական ազգայնականությունը քաղաքական հետևանք էր այն բանի, թե ինչպես Կենտրոնական Եվրոպան արձագանքեց 18-րդ դարում ֆրանսիական լուսավորության գաղափարների ունիվերսալացմանը. այսօրվա եվրոպական ազգայնականությունը արձագանք է «եվրոպացի» հասկացության ունիվերսալացմանն ու հետևաբար՝ աղավաղմանը: Շոտլանդացու տեսանկյունից բավարար չէ, որ ինքը բրիտանացի է, այժմ ինքը եվրոպացի է: Նրա շոտլանդական պատկանելության, մշակույթի և ավանդույթի ու համաեվրոպական, վերազգային կառույցի միջև այժմ կա հեռավորության երկու շերտ: Ազգայնականությունը գաղափարախոսություն չէ, որովհետև ունիվերսալ չէ: Անհնար է որպես այդպիսին ազգայնական լինել: Կարելի է լինել գերմանացի, ֆրանսիացի, ռուս, հայ և ադրբեջանցի ազգայնական: Սակայն այն գրավում է բարոյական և զգացական հարթությունները, որոնց տեղը հակառակ պարագայում զբաղեցնում է քաղաքական գաղափարախոսությունը: Եվ քանի որ Եվրոպան ի վիճակի չէր միասնական աշխարհագրությունից անցում կատարելու միասնական քաղաքացիության, այն ի վիճակի չեղավ ունենալու միասնական քաղաքական գաղափարախոսություն: Աշխարհի այն մասում, որտեղ ես եմ ապրել՝ նախկին խորհրդային տարածքն ու մասնավորապես՝ Կովկասը, լենինյան սին գաղափարախոսությունն ու խորհրդային ընդհանուր քաղաքացիությունն էին, որ պետք է փոխարինեին ազգային հողի վրա բաժանված հանրապետություններն ու գրավեին բարոյական ու զգացական հարթությունները: Դա չաշխատեց: Այն պահին, երբ «Պերեստրոյկան» ազատության շունչ խոստացավ, ճնշված և եռացող ազգայնականությունը ուժգնորեն հարվածեց՝ հանգեցնելով Խորհրդային Միության փլուզմանն ու սկիզբ դնելով արյունահեղ ազգային հակամարտությունների շարքին, որոնց հետևանքները մինչև այսօր զգացվում են, և որոնցից շատերը մինչև հիմա լուծված չեն: Առկա իրականությունը Եվ վերջապես, երրորդ տարրը՝ առկա իրողությունները, որոնք ներազդում են ինքնորոշման համար մղվող պայքարների արդյունքների վրա: Շոտլանդիայի հանրաքվեի դեպքում հենց սրա մասին է խոսքը: Սակայն այսօրվա որոշ հարատև հակամարտությունների դե-ֆակտո կարգավիճակներում հսկայական տարբերություններ կան: Իրականում, ինքնորոշման շարժումների երեք տարբեր կատեգորիաներ կան՝ պայմանավորված՝ պետության՝ սեփական տարածքի նկատմամբ ամբողջական վերահսկողության աստիճանի և անջատողական շարժման կողմից նվաճված ինքնորոշման աստիճանի հարաբերակցությամբ: Քվեբեքը, Հյուսիսային Իռլանդիան և Շոտլանդիան մեկ կատեգորիայում են: Այս երեք դեպքում բաղադրիչ մասերն ունեն այնքան բարձր աստիճանի ինքնորոշման մակարդակ, որ կարող են հանրաքվե անցկացնել՝ որոշելու իրենց իրավական և քաղաքական կարգավիճակը: Այսօրվա անջատողականների ճնշող մեծամասնությունը մտնում է երկրորդ կատեգորիայի մեջ. շարժումները պայքարում են առանց ինքնորոշման որևէ մակարդակի առկայության, և պետությունը շարունակում է ամբողջությամբ վերահսկել խնդրո առարկա տարածքը: Քուրդ ժողովրդի պայքարը Թուրքիայում այս երկրորդն կատեգորիայում է: Լեռնային Ղարաբաղը, որի համար հայերն ու ադրբեջանցիները շարունակում են պայքարել, մտնում է երրորդ կատեգորիայի մեջ: Ադրբեջանը որևէ վերահսկողություն այդ տարածքների նկատմամբ չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը լիակատար ինքնիշխանություն է վայելում: Մարտահրավերն այն է, որ լինեն ճիշտ չափորոշիչներ, որոնք կգերազանցեն միջազգային իրավակարգի թվացյալ հակասական երկու սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքը: Լուծումն այն է, որ ինքնորոշման համար մղվող յուրաքանչյուր պայքար ըստ արժանվույն դիտարկվի, յուրաքանչյուրը՝ սեփական պատմական, իրավական գործոններից, ինչպես նաև առկա իրողություններից ելնելով: Շոտլանդիայում հանրաքվեի դրական ելքը ցնցող ազդեցություն կունենար Միացյալ Թագավորության և Եվրոպայի վրա: Բացասական ելքը պակաս ազդեցություն չի ունենա, քանի որ ո՛չ Միացյալ Թագավորությունը, ո՛չ էլ Շոտլանդիան ալևս նույնը չեն լինելու: Աշխարհը, անշուշտ, կհետևի այդ ամենին, այդ թվում՝ ժողովուրդներն ու ազգերը, որոնք ինքնորոշման են ձգտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել