Untitled-11in.am-ը գրում է․

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ գիշերը ՀՀԿ գրասենյակում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հավաքել է մարզի բոլոր ՀՀԿ կառույցների ղեկավարներին, քաղաքապետերին, որպեսզի նրանք վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հաստատեն, որ ցանկանում են Սուրիկ Խաչատրյանը կրկին վերանշանակվի մարզպետի պաշտոնում:

Նույն տեղեկությունների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը ներկաներից հարցրել է, թե կարո՞ղ են մարզից 5 հազար հավաստում բերել, որ մարզի բնակիչները ևս ցանկանում են Խաչատրյանի վերադարձը, ինչն այնքան էլ նրանց սրտով չի եղել:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սյունիքի մարզում Սուրիկ Խաչատրյանի համար նրա համակիրները ստորագրահավաք են սկսել, որը հիմնականում իրականացվում է իրենց մտերիմների շրջանում և այն հաստատություններում, որոնք իրենց են պատկանում: Սուրիկ Խաչատրյանի համակիրները խուսափում են հասարակ բնակիչներին մոտենալ, քանի որ Բուդաղյանների հայտնի դեպքից հետո այլևս ոչ ոք նույնիսկ ամենավատ երազում չի պատկերացնում Խաչատրյանի վերադարձը:

Հավելենք, որ երեկ գիշերը կայացած հավաքին ներկա չի եղել միայն Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել