Tert.am-ը գրում է․

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԼՂՀ անկախության ճանաչման վերջին դեպքերը, ասաց, որ միջազգային սուբյեկտների կողմից ԼՂՀ-ն ճանաչելու պարագայում ԼՂՀ ժողովուրդն ունենալու է միայն բարոյական հաղթանակ:

«Նման պարագաներում մենք ունենում ենք բարոյական հաղթանակներ, բայց էության մեջ ինչ-որ բան չի ավելացվում Արցախի անվտանգությանը»,- ասաց նա: 

Հիշեցնենք, որ Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի նախագահ Գարիտանո Լարանյագան օրեր առաջ հայտարարել է, որ Գիպուսկոա նահանգը ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն և վստահություն հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Բասկերի երկիրը հասնելու են միջազգային ճանաչմանը։ Իսկ սեպտեմբերի 12-ին Բասկերի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով ճանաչում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը։ 

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սենատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է պատգամավոր Մայք Գեթոյի նախաձեռնած AJR 32 բանաձևը, որն Արցախի ժողովրդին խրախուսում է շարունակել իբրև ազատ ու անկախ պետություն զարգանալու իր ջանքերը: Այդպիսով Կալիֆոռնիան դարձավ ԱՄՆ 5-րդ նահանգը, որը ճանաչում է ԼՂՀ անկախությունը։ ԱՄՆ մյուս չորս նահանգներն են՝ Լուիզիանան, Ռոդ Այլենդը, Մասաչուսեթսը և Մեյնը։

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին Արա Պապյանը խորհուրդ տվեց մոտենալ երկու տեսանկյունից՝ իրավական և քաղաքական: «Երբ մենք իրավական տեսանկյունից ենք մոտենում ԼՂՀ ճանաչման հարցին, ապա այստեղ, բնականաբար, ճանաչում չկա, որովհետև ըստ միջազգային օրենքի՝ ճանաչում կարող է տեղի ունենալ միայն արդեն իսկ ճանաչված պետությունների կողմից, միջազգային իրավունքի սուբյեկտների կողմից: Մենք ինչը որ այսօր ունենք՝ ԱՄՆ-ի նահանգները կամ Իսպանիայի որևէ մարզ, դրանք միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն, դրանք չեն կարող ճանաչել»,- ասաց նա:

Վերջինիս ներկայացմամբ՝ եթե ուշադրությամբ կարդանք Բասկերի երկրի խորհրդարանի հայտարարությունը, այնտեղ ճանաչում չկա, այնտեղ հստակ ասվում է, որ Բասկերի երկիրն աջակցում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իսկ ինքնորոշման իրավունքին դեմ լինել որևէ մեկը չի կարող, քանի որ ազգերի ինքնորոշումը նպատակ է՝ ամրագրված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: 

«Եվ քանի դեռ որևէ պետություն չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, այն չի կարող լինել ճանաչված, որքան էլ նահանգների կամ մարզերի մակարդակով ճանաչվի: Ճանաչումը դաշնային իշխանության լիազորություն է»,- ասաց նա և օրինակ բերեց, որ Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգների գործադիր գերագույն իշխանության լիազորության մաս է կազմում, այսինքն՝ նախագահը պետք է ճանաչի:

Ըստ Արա Պապյանի՝ քաղաքական առումով դրական միտում է, երբ երկրները գտնում են, որ Արցախն արժանի է անկախության: Ի վերջո, նման «ճանաչումները» հսկայական ջանք, եռանդ, ժամանակ, փող պահանջող գործընթացներ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել