1in.am-ը գրում է․
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները տվել են իրենց համաձայնությունը Փարիզում հանդիպելու վերաբերյալ: Այս մասին ադրբեջանական haqqin.az գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ:
Դեսպանը նշել է, որ հանդիպմանը կքննարկվի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցը: Նրա խոսքով՝ Ուելսում նախագահների բանակցություններից հետո հանդիպումը կարևոր նշանակություն կունենա:
«Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հնարավոր ամեն բան անում է այդ խնդրի կարագորման համար և կարծում է, որ արդեն վաղուց հակամարտությունը լուծելու ժամանակն է»,- ընդգծել է դեսպանը՝ հավելելով, որ հակամարտության լուծումը կախված է հենց նախագահներից, իսկ ՄԽ համանախագահների խնդիրը միայն նրանց օգնելն է:
«Այն, որ նախագահները համաձայնություն են տվել հանդիպմանը, արդեն մեծ ձեռքբերում է: Հիմնական նպատակն այն է, որպեսզի կողմերը հանդիպեն՝ հաջողության հասնելու ճանապարհներ փնտրելու և խնդրին փոխշահավետ լուծում գտնելու համար»,- ասելէ Մոնյեն:



