unnamed1in.am-ը գրում է.

Բելառուսը ԼՂ խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ նշել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունները՝ նշելով, որ երկկողմ ռազմավարական հարաբերությունների զարգացման համար կարևոր հարթակ է հանդիսանում խորհրդարանական ձևաչափը: Պարոն Շարմազանովն այս համատեքստում կարեւորեց երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի դերը, որը կատարել է բավարար աշխատանք:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորման ուղին պատերազմը չէ: Պարոն Գումինսկին իր հերթին նշեց, որ Բելառուսը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է:

Էդուարդ Շարմազանովը բելառուս խորհրդարանականներին հրավիրեց մասնակցելու 2015 թ. ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Վիկտոր Գումինսկին իր հերթին կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի դերը՝ նշելով, որ այն արդեն 10 տարի արդյունավետ գործում է: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ նա ընդգծել է, որ խորհրդարանականներն իրենց հերթին պետք է ամեն ինչ անեն, որ նման ողբերգություններն այլեւս չկրկնվեն:

Երկուստեք կարեւորվել է համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում: Կողմերն անդրադարձան նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել