Շքամուտքի դուռը ճռինչով բացվեց, ու սառած սանդուղքների վրա երևաց սևահեր մի տղամարդ: Նա էր… Նրան անհնար էր չճանաչել անգամ նոր բացվող օրվա կիսամթում. սլացիկ կազմվածքը, սև ու սառը աչքերը, որոնց մեջ ամփոփվում էր մոլագար հոգու մեռյալ արտացոլանքը, կոպիտ դիմագծերը տարիներ շարունակ հեռուստաէկրաններից ու զանազան պաստառներից ճնշում էին իրենց ներկայությամբ: Միրզայի մարմնով մի պահ դող անցավ. օրեր շարունակ հետևել էր նրան, նրա ստվերը դարձած՝ գնացել նրա հետքերով՝ սպասելով հարմար առիթի, ու այդ առիթը ներկայացել էր իր ողջ վեհությամբ: Չէր կարելի տրվել սին զգացմունքային զեղումների, ամեն ինչ ավելի քան պարզ էր, հապաղելը՝ թուլության նշան: Նրան ընդամենը մեկ քայլ էր բաժանում իր երազանքից, նա պիտի իր մեջ ուժ գտներ… Մինչ Միրզան փորձում էր ազատվել հակոտնյա մտքերից, տղամարդն իջավ սանդուղքներն ու քայլեց հակառակ ուղղությամբ՝ ձեռքերին հապշտապ քաշելով սև թավշե ձեռնոցները: Միրզան հետևեց նրան անշտապ քայլերով…
Առավոտյան ժամը 6:30-ն էր, փողոցների մեռելային տրտմությունը մերթընդմերթ խաթարվում էր սրընթաց անցնող սակավաթիվ մեքենաների շարժիչների խուլ ձայներից: Հասնելով խաչմերուկին՝ տղամարդը կանգ առավ՝ սպասելով կանաչ լույսի, իսկ Միրզան նույն հանգստությամբ շարունակեց քայլել՝ կանգնելով նրա կողքին՝ մի քայլ հեռու: Տղամարդն անտարբեր հայացք գցեց միայնակ փողոցի իր միակ երիտասարդ ուղեկցի վրա, ապա կտրուկ ու խրոխտ թեքելով հայացքը՝ դիմեց առաջ՝ դեպի Հանրապետական Բանկի շենքը: Միրզան դանդաղեցրեց քայլերը՝ պահպանելով մի քանի մետր տարածքն իր ու իր հետաքրքրության օբյեկտի միջև: Հասնելով բանկի խաչմերուկին՝ տղամարդը թեքվեց դեպի Նախճավանի փողոց, Միրզան հետևեց նրան: Փողոցը ծայրեիծայր դատարկ էր, միայն հեռվում հազիվ նշմարվում էին երկու հետիոտների ուրվագծեր: Եկել էր վճռական պահը…
Միրզան խորը շունչ քաշեց, հավաքեց ուժերը ու կանչեց տղամարդուն իր իսկ անունով: Նա կանգ առավ ու ետ շրջվեց՝ անտարբեր հայացք գցելով անծանոթի վրա, ով իրեն անունով դիմեց: Միրզան մոտեցավ նրան. սիրտը կարծես ականջներում էր բաբախում, նա կարծես խեղդվում էր, ցանկացավ մի բան ասել, սակայն բառերը մնացին կոկորդում:
-Մենք ծանո՞թ ենք,- սառն անտարբերությամբ հարցրեց տղամարդը, ու նրա աչքերը անհանգիստ սկսեցին պտտվել իրենց բնում, հայացքի անտարբերությունը փոխվեց զարհուրանքի, երբ տեսավ երիտասարդի ձեռքում պահված ատրճանակը…
Հնչած կրակոցը թնդաց մռայլ փողոցի դատարկության մեջ…
Տղամարդը խորը հառաչ արձակեց ու տապալվեց գետին: Միրզան տարակուսած ետ-ետ քայլեց, ձեռքով սրբեց ճակատի քրտինքը, խորը շունչ քաշեց, հետո հասկացավ, որ պատվերը թերի է կատարել, մոտեցավ գետնին ընկած տղամարդուն, ով արնաթաթախ ձեռքով ամուր բռնել էր որովայնը՝ փորձելով պահել արյան հետագա հոսքը: Նրա աչքերում աղերս կար, հարցեր կային նրա հայցքում, բայց շուրթերը ցավից կծկվել էին… Միրզան հրազենը մոտեցրեց ընկածի ճակատին, մի պահ նայեց նրա աչքերին… հնչեց երկրորդ կրակոցը, ու զոհի անշնչացած գլուխը թեքվեց՝ խեղդվելու իր իսկ արյան մեջ, որը հոսելով սառում էր մայթին:
Միրզան շրջվեց ու հեռացավ՝ անհայտանալով լուսաբացի խորհրդավորության մեջ…
Դեկտեմբեր ամիսն էր, սակայն փողոցներում ձյան նշույլ անգամ չկար: Օդում կախված մառախուղը սառը քամին աջ ու ձախ էր տանում, բարձրացնելով անցորդների փեշերը՝ ստիպում էր նրանց ցրտից կծկվել: Թիֆլիսյան հին փողոցների գորշությունն առավել ընդգծվում էր ցերեկվա խամրած արևի անտարբեր ներկայությամբ: Փոքրիկ ռեստորանի հեռավոր անկյունում նստած էր մի թխամաշկ միջին տարիքի տղամարդ, առջևում դրված սուրճի գավաթից բարձրացող գոլորշին խառնվում էր մոխրամանի մեջ այրվող սիգարետի թանձր ծխին. նա ողջ էությամբ կարդում էր ձեռքերում ամուր բռնած թերթը: Հետո բարձրացրեց սիգարետը, մի խորը ծուխ ներշնչեց ու նայեց դռների մեջ կանգնած երիտասարդին, ով ռեստորանի կիսախավարում որոնող հայացք էր դես ու դեն գցում: Ծուխը քթանցքներից դուրս փչելով՝ նա գլխի կանչող շարժումով նշան տվեց երիտասարդին:
- Բառօ Գուջա′,- դիմեց նրան երիտասարդը ու տեղավորվեց սեղանի մոտ:
- Բառօ Միրզա, ինչպե՞ս ես, գենացվալե,- գոհունակ քմծիծաղով պատասխանեց տղամարդը:
- Էս ի՞նչ ես կարդում:
- Մի հին ծանոթ ունեմ, նրա սխրանքների մասին եմ կարդում,- ձեռքը երիտասարդի ուսին դնելով, պատասխանեց նա:
- Այստեղ այն ամենն է, ինչ մենք պայմանավորվել էինք,- կողքին դրված պայուսակին մատնանշեց նա,- կարող ես հաշվել…
- Չէ, հավատում եմ,- ժպտաց երիտասարդը,- ուղղակի մի բան չհասկացա, ի՞նչ էր արել մեր ազգային հերոսը քեզ, ու ինչի՞ վրացին պատվիրեց ինձ նրա սպանությունը,- շարունակեց երիտասարդը:
Տղամարդը խորիմաստ ժպտաց ու վեր կացավ տեղից
- Հարցեր տալու փոխարեն, ավելի լավ է մի կտոր հաց կեր, հեռվից ես գալիս, իսկ ես գնամ, հուսամ էլ նման առիթներով չենք հանդիպի: Հա, սեղանի հաշիվն էլ փակված է, սա էլ թող լինի մեր ազգերի բարեկամության համար…
Տղամարդը դուրս եկավ ռեստորանից ու նստեց դիմացի մայթին կանգնած մեքենան:
-Լավ ա եկար, հիմա ո՞ւր, հարցրեց վարորդը:
- Տուն,- ժպտաց տղամարդը:
- Տիգրա′ն, ինձ ձե՞ռք ես առնում, ուրեմ Երևանից ինձ հասցրեցիր էստեղ, որ թողնես մեքենայի մեջ, մտնես ռեստորա՞ն,- նեղացավ վարորդը,- գոնե եկել ենք, գնանք մի տեղ, մի քիչ ուրախանանք…
-Քշի′ր Երևան, էնտեղ ուրախանալու առիթ կա, հաստատ եմ ասում….
ՀԳ. Նվիրվում է հայրենակցիս՝ Գուրգեն Մարգարյանի անմար հիշատակին
ՀՀԳ. Դեմքերն ու դեպքերը հորինված են, ցանկությունը՝ իրական:
ՅաՇա, Երևան 2012
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/417066098349505
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել