Կարծում եմ Հունգարիայի ծախու իշխանության երեւանյան ներկայացուցչության վրա պետք է նետել ոչ թե լոլիկներ, այլ մանրադրամ` ավելի սազական է... Սա 30 արծաթի պատմությունն է, քանի որ հանուն Հունգարիայի իրենց արյունն են թափել ոչ թե ադրբեջանցի այլ հայ զորավարները եւ զինվորները, հանուն Հունգարիայի փառքի իրենց եռանդն ու ջանքերն են ներդրել հայ, այլ ոչ թե թուրք կամ ազերի գործիչները: Ահա նրանց անունները.
Կիշ (Գիշ), Էռնե (1799-1849թթ.), հունգարական հեղափոխության հերոս եւ զորավար, հայկական հնագույն Ադոնց տոհմից, ծառայության ընթացքում հասել է գնդապետի աստիճանի, եղել Հաննովերյան հեծելազորային գնդի հրամանատարը: Հունգարական ազգային-ժողովրդավարական հեղափոխության սկսվելուն պես հեղափոխականների տրամադրության տակ է հանձնել իր ողջ ունեցվածքը` 6-7 միլիոն ֆլորին: 1848թ.-ին դարձել է գեներալ, հեղափոխական զորքերի հրամանատար: Հեղափոխության պարտությունից հետո ձերբակալվել է եւ գնդակահարվել 12 այլ հերոսների հետ, որոնց թվում էր նաեւ մեկ այլ հայազգի հեղափոխական առաջնորդ` Վ.Ղազարը: Հունգարիայում տեղադրվել է Կիշի հուշարձանը, նրա անվամբ են կոչված փողոցներ բազմաթիվ քաղաքներում: Սակայն զարմանալի չի լինի, եթե այսօրվա հունգարական ղեկավարությունը ադրբեջանական 30 արծաթի դիմաց քանդի այս հուշարձանը եւ դրա փոխարեն կանգնեցնի Հեյդար Ալիեւինը, իսկ եւս մի քանի արծաթի դիմաց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան` այդ երկրի նախագահ Յանոշ Ադերի ձեռքը բռնած ամեն օր աշխատանքի գնալուց թարմ ծաղկեպսակներ տանեն իրենց հոգեւոր հոր այդ հուշարձանին:
Ստորեւ ներկայացնում ենք եւս մի քանի հայերի անուններ, ովքեր ծաղկեցրել են Հունգարիայի պատմությունը.
Լուկաշների (Լուկաչյան, Ղուկասյան) արիստոկրատական գերդաստանը Տրանսիլվանիայում եւ Հունգարիայում XVII—XX դարերում: Նրանց նախնինները այստեղ են եկել Անիից: Յոթնամյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցության համար Ավստրիական Մարիա Թերեզա թագուհին շնորհել է Լուկաշներին (Իսահակին, Ղազարին, Ղուկասին եւ Հակոբին) արիստոկրատական տիտղոս: Լուկաշներից է նաեւ հունգարական պետական գործիչ, Հունգարիայի մշակույթի նախարար (1905-06թթ.) Գեորգիյ Լուկաշը:
Գերգել Պատրուբան (Գեւորգ Պատրուբանյան, 1830թ.) – շիջուկացման մասնագետ, բժիշկ-հիգիենիստ, Հունգարիայի հիգիենիկ խորհրդի անդամ, Բուդապեշտի բժիշկների թագավորական ընկերության քարտուղար, խորհրդարանի պատգամավոր: 1869թ. դարձել է թագավորի խորհրդական:
Գերգեյ Յանոշի Չիկի – հայկական ծագում ունեցող հունգարացի գրող, դրամատուրգ, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, նրա անունն են կրում մի փողոց Բուդապեշտում եւ Կապոշվար քաղաքի դրամատիկական թատրոնը: Հունգարիայի դրամատուրգիայում քննադատական ռեալիզմի հիմնադիրներից մեկը:
Յանոշ Բոյայի (Բոյլի) – մաթեմատիկոս, ոչէվկլիդյան երկրաչափության հիմնադիր, «Ապենդիքս» աշխատության հեղինակ: Ծնվել է 1801թ. Հունգարիայի Մարովաշախրեյ բնակավայրում, որը հիմնադրել են Կաֆայի հայ վերաբնակիչները 17-րդ դարի երկրորդ կեսին:
Այս ցանկը կարելի է շարունակել:
Կարծում եմ նաեւ, որ ԵԺԿ հայաստանյան անդամ կուսակցությունները պետք է պահանջեն ԵԺԿ ղեկավար մարմնից` նախագահությունից գնահատական տալ ԵԺԿ անդամ «Ֆիդես» հունգարական կուսակցության ձեւավորած կառավարության այս ամոթալի քայլին եւ կատարել համապատասխան քայլեր` ընդհուպ մինչեւ հունգարական «Ֆիդես» կուսակցությանը ԵԺԿ-ից վտարումը: