Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կկայանա անկախության հանրաքվեն: Շատ հավանական է, որ բնակչությունը դրականորեն կարձագանքի այս նախաձեռնությանը և Բրիտանական կայսրության կազմում 307 տարվա պաշտոնական գոյությունից հետո Շոտլանդիան կրկին կարող է դառնա անկախ պետություն:
Անկախության կողմնակիցների հիմնական փաստարկն այն է, որ Շոտլանդիայի տարածքում է գտնվում թագավորության նավթի պաշարների առնվազն 90 տոկոսը (խոսքը Հյուսիսային ծովի շելֆի մասին է): Անկախության ձգտողները գտնում են, որ արդար չէ, որ Շոտլանդիայի տարածքում գտնվող նավթի պաշարների արդյունահանումից շահում է ոչ այնքան Շոտլանդիան, որքան Անգլիան, և պնդում են, որ անկախացման դեպքում Շոտլանդիան կդառնա այդ պաշարների միանձնյա տերը և կկարողանա բարելավել իր վիճակը և կլինի հարուստ երկիր, քանզի ստիպված չի լինի իր հարստությունը կիսել Լոնդոնի հետ:
Անկախության հակառակորդները, ի հեճուկս կողմնակիցների, փաստարկում են, որ անկախության դեպքում կկտրվեն Շոտլանդիայի տնտեսական կապերը Լոնդոնի ու Եվրամիության հետ: Եվրամիությունը հայտարարել է, որ դեմ է Շոտլանդիայի ինքնորոշմանը և զգուշացնում է, որ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու դեպքում Շոտլանդիան մեխանիկորեն դուրս կգա նաեւ Եվրամիության կազմից, իսկ կառույցին կրկին անդամակցելը կլինի խիստ խնդրահարույց: Չի բացառվում, որ այս զգուշացումը կարող է լրջորեն ազդել շոտլանդացիների վերջնական որոշման վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով, անշուշտ, չի կարող կողմ լինել Շոտլանդիայի անկախության գաղափարին, գնացել է մի հետաքրքիր քայլի՝ իր նստավայրի տանիքին տեղադրվել է Շոտլանդիայի դրոշը: Թեև վարչապետը հայտարարել է, որ սա ընդամենը հին ավանդույթի վերականգնում է, սակայն պարզ է, որ վարչապետը մտահոգ է նրանով, որ շոտլանդացիների մեծամասնությունը կողմ կարտահայտվի անկախացման գաղափարին, ինչը ոչ վաղ անցյալում անհավանական էր թվում:
Հասկանալի է, անշուշտ, որ Շոտլանդիան էլ կորցնելուց հետո Բրիտանական Կայսրությունից, ըստ էության, կմնա միայն Անգլիան: Ու թե որքանով այդ պարագայում լուրջ կլինեն համաշխարհային դերակատարման անգլիական հավակնությունները՝ մեծ հարց է:
Իսկ բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան մեկ շաբաթից: Այդ թվում՝ Բրիտանական Կայսրության լինել-չլինելու հարցի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=367027236795524&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել