1988 թվականի իրադարձություններից ի վեր մեր իրականության հետաքրքիր երևույթներից մեկն է դարձել հացադուլը: Դեռ այն օրերից ի վեր այս կամ այն նպատակի համար բազմաթիվ պայքարողներ որդեգրել էին պայքարի այդ միջոցը:
Սակայն պիտի հաշվի առնել, որ պայքարի համար ընտրվող միջոցների գնահատման չափանիշը մեկն է՝ դրված նպատակին հասնելը կամ չհասնելը:
Վերջին տարիների ընթացքում հացադուլի մեթոդին դիմել են մի շարք գործիչներ՝ Անդրեաս Ղուկասյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը (երկու անգամ), Արամ Հարությունյանը (մեկ օրով), հավանաբար նաև ուրիշներ, այժմ էլ՝ Պարույր Հայրիկյանը:
Սակայն փաստ է, որ նպատակայնության տեսակետից պայքարի այս մեթոդն իրեն չարդարացրեց դեպքերից և ոչ մեկում: Հացադուլավորների պահանջներից և ոչ մեկը, ըստ էության, կյանքի չի կոչվել: Շուրջ տարիուկես առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելիս ներկայացրեց տարբեր պաշտոններին ընդդիմության ներկայացուցիչներին նշանակելու, ընտրակեղծարարներին պատժելու և այլ պահանջներ, որոնցից և ոչ մեկը իշխանությունների կողմից չկատարվեց:
Կարելի է ասել, որ իշխանությունները գտել են հացադուլային պայքարին հակազդելու արդյունավետ մեթոդը, այն է՝ որպեսզի չստեղծվի հացադուլավորի նկատմամբ անուշադրություն ցուցաբերելու մեղադրանքի տեղիք, կազմակերպվում է բուժանձնակազմի շուրջօրյա հերթապահություն, իրականացվում է անհրաժեշտ ախտորոշում: Պարբերաբար այցելում են տարբեր պաշտոնյաներ, հետաքրքրվում են առողջությամբ, համոզում են դադարեցնել հացադուլը:
Բայց որ ամենակարևորն է՝ չեն կատարվում հացադուլավորի առաջ քաշած հիմնական պահանջները, քանզի պարզ է, որ դրանց թեկուզ և մասնակի կատարումը կհանգեցնի այն մտայնության ամրապնդմանը, որ հացադուլի միջոցով հնարավոր է որևէ բանի հասնել, մինչդեռ այդ տարբերակը իշխանություններին բացարձակ ձեռնտու չէ:
Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ հացադուլը, որպես պայքարի միջոց, սպառել է իրեն: Պահանջվում է պայքարի զինանոցի արդիականացում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=366622010169380&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել