Նյուպորտում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հստակ մատնանշեց, որ Մինսկի խմբի համանախագահության բառապաշարը միակ ընդունելին է Արցախի խնդրի վերաբերյալ միջազգային ցանկացած փաստաթղթի հիշատակման մեջ։ Ավելին, որևէ այլ բառապաշար հիմք լինել չի կարող, քանի որ Մինսկի խումբը Արցախյան հիմնախնդրով զբաղվող միակ լեգիտիմ ու մասնագիտացած ձևաչափն է։
Երկրի ղեկավարը ՆԱՏՕ-ի ամբիոնից կոշտ ձևակերպմամբ խստորեն դատապարտեց ադրբեջանական դիկտատուրան միջազգային ատյաններում լոբբինգ անողներին։
ՆԱՏՕ-ի կողմից տարիներ շարունակ կիրառվող բառապաշարում ինչ-ինչ փոփոխություններ եղան, բայց պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դեռ բավարարված չէ դրանով, ասել կուզի՝ դեռ շարունակելու է պայքարը։
Զարմանալի է, որ այս ամենից հետո, որոշ հայ քաղաքական գործիչներ ու վայ փորձագետներ քննարկում եմ, թե ինչու Հայաստանը ստորագրեց ՆԱՏՕ-ի կողմից ընդունված փաստաթուղթը։ Առավել ամոթալին այն է, որ նման քննարկումներով զբաղվում են մարդիկ, ում կենսափորձը պետք է որ բավարար լիներ կատարյալ անգրագիտությունն իրականությունից տարբերելու համար։
Վերջիններս, չգիտենք գիտակցաբար թե ոչ, կերել են ադրբեջանական քարոզչության խայծը, որը միայն ստի ու կեղծիքի վրա է կառուցված։ Այդ նույն փորձագետներն ու մասնագետները պետք է իմանային, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի չի կարող ստորագրել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կողմից ընդունված փաստաթղթի տակ։
Ավելին, Հայաստանն անգամ չի մասնակցել և չէր էլ կարող մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որում ընդունվել է այդ փաստաթուղթը, որովհետև Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Կարծում եմ՝ դժվար չէ, այսքանն ըմբռնելը։
Նախագահի խոսքն էլ հստակ էր կառուցված։ Նա ասում էր՝ վաղը այստեղ՝ այս դահլիճում, փաստաթուղթ կընդունվի, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության հետ։ Նա այլ՝ Աֆղանստանի նիստին մասնակցելով էր ազդում գագաթաժողովի վրա։ Դրա համար էին նրա խոսքում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հակադրվում Թուրքիային։ Գագաթաժողովում չկային ո′չ Հայաստանը, ո′չ Ադրբեջանը։ Միայն հասկացողը կհասկանա նախագահի խոսքի տողատակերն ու ազդեցությունը։
Չնայած նրանք, ովքեր դեռ չեն հասկացել, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, դժվար թե հասկանան՝ իրականում ինչ էր ասում ու անում Սերժ Սարգսյանը: