1in.am-ը գրում է.
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին, նշեց, որ վերջին տարբերակում եղել են բավական լուրջ փոփոխություններ: Օգոստոսի վերջին արդեն ունեին պատրաստի փաստաթուղթ, որը կարող են ներկայացնել Վենետիկի հանձնաժողովին: Պետք է նշել, որ այս ընթացքում քննարկումները արդյունավետ էին, բայց ոչ՝ քաղաքական դաշտում:
«Մեր սպասելիքները, որ ունեինք քաղաքական կուսակցություններից, այն էին, որ այս քննարկումները շատ ավելի խորը և ընդգրկուն կլինեին, ինչը կնպաստեր ավելի արդյունավետ տեսքով նախագծի ներկայացմանը»,- ասաց Գևորգ Դանիելյանը:
Սեպտեմբերի 16-ին «Ժառանգությունն» է քննարկում անցկացնելու Սահմանադրական բարեփոխումների հարցով, որին կմասնակցեն նաև հանձնաժողովի անդամներ: Այս փուլում, ըստ բանախոսի, կլինեն նաև քաղաքական քննարկումներ:
Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումներին ընդդիմացողները հիմնավոր փաստարկներ չեն ներկայացնում, այդ քաղաքական ուժերը միայն ասում են, որ դրա ժամանակը չէ, կամ՝ դա անհրաժեշտ է իշխանության վերարտադրման համար: Սա այնպիսի հիմնադրույթներ չի առաջարկում, որ ավելի դյուրին ընթացակարգ առաջարկի իշխանության վերարտադրման համար:
Նա նաև նշեց, որ վերջնական ընտրությունը իրենց կողմից կանգ է առել խորհրդարանական կառավարման ձևի վրա: Նա օրինակ բերեց բոլոր այն երկրներին, որոնք անցել են խորհրդարանական կառավարման մոդելին՝ ասելով, որ դրանք ժողովրդավարական երկրներ են:
Մեր այն հարցին՝ արդյոք բարեփոխումները բարեհաջող ավարտ կունենա՞ն, բանախոսը նշեց, որ թեև ժամանակ առ ժամանակ կասկածի տակ է դրվում դա, այնուամենայնիվ, բարեհաջող ավարտ կունենան, յուրաքանչյուրիս խնդիրն է այս հարցում լինել հետևողական:
«Քաղաքական ուժերին կոչ ենք անում լինել հետևողական: Ես ինքս էլ համոզված չեմ, որ մեր բոլոր առաջարկությունները կարող են արդյունավետ լինել, դրա համար էլ հարցի շուրջ քննարկումները կարևոր են»,- ասաց նա:



