Ջեսիկա Դրոսինը լոսանջելոսաբնակ ինքնուս լուսանկարիչ է: Արդեն հինգ տարի է, ինչ նա զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ: Այս կարճ ժամանակահատվածում նա հասցրել է մի շարք մրցանակներ շահել: Ջեսիկան երկու որդի ունի և ամուսնացած է կոմպոզիտորի հետ: Այս երիտասարդ լուսանկարչի մասին ավելին իմանալու համար ընթերցե՛ք նրա հետ անցկացված հարցազրույցը:
Ինչպե՞ս մուտք գործեցիք լուսանկարչության աշխարհ:
Ես սկսեցի հետաքրքրվել լուսանկարչությամբ իմ երկրորդ որդու ծննդից հետո: Ես ցանկանում էի լուսանկարել իմ ընտանեկան կյանքի հիշարժան պահերը, ինչպես նաև ստեղծագործական ծարավ էի զգում: Նախկինում ես երբեք հետաքրքրված չեմ եղել լուսանկարչական կարիերայով: Ես նախընտրում էի գեղանկարչությունը, քանի որ այն ավելի ազատ է իր բնույթով: Սակայն թվային լուսանկարչության զարգացման շնորհիվ ես սիով սկսեցի լուսանկարչությամբ զբաղվել և այդ ոլորտում դրսևորել իմ ստեղծարարաությունը:
Ո՞րն է հաջողված դիմանկար լուսանկարելու գաղտնիքը:
Կարծում եմ, որ հաջողված դիմանկար ստանալու համար անհրաժեշտ է լավ լուսավորություն ունենալ և մտերմիկ կապ հաստատել բնորդի հետ: Թե՛ լուսանկարիչը, թե՛ բնորդը պետք է հանգիստ լինեն ֆոտոսեսիայի ընթացքում: Ավելորդ լարվածությունը կարող է խանգարել: Դիմանկարում պետք է արտացոլվի բնորդի խառնվածքը:
Ո՞րն է Ձեր ներշնչանքը:
Ինձ համար իբրև ներշնչանքի աղբյուր են ծառայում զանազան պատմությունները: Ես գիտեմ լսել մարդկանց, և նրանք կիսվում են ինձ հետ շատ անձնական թեմաներով: Ես ոգեշնչվում եմ այս իրական պատմություններից և դրանց մի մասը բացահայտում իմ լուսանկարներում: Ես ոգեշնչվում եմ նաև բառերից, երգերի խոսքերից, մարդկային հարաբերություններից և շատ այլ բաներով:
Մի քանի խորհուրդ սկսնակ լուսանկարիչների համար:
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Եթե Դուք սկսնակ եք լուսանկարչության մեջ, Դուք հավանաբար դեռ չեք գտել ինքներդ Ձեզ այս ոլորտում: Դա բնական է: Պարտադիր չէ, որ հենց սկզբից հատուկ ոճ ունենաք: Արե՛ք այն, ինչ սիրում եք, շա՛տ փորձարկեք, և ոճն ինքնստինքյան կձևավորվի: Մի՛ համեմատվեք ուրիշների հետ: Ականջ մի՛ դրեք այն պոռոտախոսներին, ովքեր գոռոզաբար հայտարարում են, որ իրենց ոճը միակ ճիշտ ոճն է: Հաճո՛ւյք ստացեք գործընթացից: Մի՛ խորշեք սխալներից, փորձեք պարզապես դաս քաղել դրանցից:
































