HBM_Kurz1in.am-ը գրում է.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով` սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ավստրիայի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Սեպտեմբերի 8-ին տեղի կունենան Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Նույն օրը Ավստրիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այցի շրջանակներում Ավստրիայի արտգործնախարարը ներկա կգտնվի Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման արարողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել