Այն, որ Արեւմուտք-Ռուսաստան հակադրության աննախադեպ սրման  ֆոնին նոր վտանգներ էին առաջանալու Ղարաբաղի համար` սպասելի էր արդեն անցած օգոստոսից, երբ սահմանային լարվածությունը փորձագետների մի մասը կապում էր բացառապես Ռուսաստանի հետ, մյուս մասն էլ պնդում, թե դրանում խառն է ԱՄՆ-ի մատը: Երկու դեպքում էլ, սակայն, կասկածի տակ չէր դրվում, որ այդ լարվածության  հրահրման հանձնարարությունը Ալիեւին տրվել էր դրսից: Դատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Բաքվում արած վերջին հայտարարություններից եւ Ղարաբաղի հարցը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում ընդգրկելու քայլից`  առաջիկայում հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրողների  շրջանակն ընդլայնվելու է:

Ս. Սարգսյանի` երեկ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ունեցած ելույթը, որտեղ նա բավականին կոշտ եւ հստակ ձեւով ՆԱՏՕ-ին հորդորեց ձեռնպահ մնալ թուրքա-ադրբեջանական լոբբինգի ազդեցությունից եւ չընդունել այնպիսի փաստաթուղթ, որը կհակասի ԵԱՀԿ ՄԽ  բառապաշարին` ցույց է տալիս, որ իրավիճակը լուրջ է: «Երկու տարբերակ կա. կամ կընդունվի ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի` ԵԱՀԿ ՄԽ բառապաշարը…, կամ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարեւան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որեւէ լավ տեղ չի տանում»,- զգուշացրեց Սարգսյանը, որի` Ուելս մեկնելը, թերեւս, պայմանավորված էր հենց ընդունվելիք փաստաթղթի հակահայկականությամբ:

Նկատենք, որ 2008թ-ից ի վեր` սա ՆԱՏՕ-ի առաջին գագաթաժողովն է, որին Հայաստանը ներկայանում է նախագահի մակարդակով: Մինչ այս եղած 2009-ի,  2010-ի եւ  2012-ի գագաթաժողովներին Հայաստանից մասնակցել են ԱԳ նախարար Է. Նալբանդյանը եւ ՊՆ նախարար Ս. Օհանյանը: Ընդ որում, նկատենք, որ այն ժամանակ  նախ` Հայաստանը վարում էր եվրոպամետ արտաքին քաղաքական կուրս, եւ երկրորդ` Արեւմուտք-Ռուսաստան ներկայիս հակադրությունը չկար:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել