kaspshik1in.am-ը գրում է.

Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում զգալիորեն կայունացել է: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Կասպրշիկը նշել է, որ օգոստոսի սկզբին շնփման գծում իրավիճակը շատ լարված էր, անգամ տեղեկություններ կային սահմանները խախտելու, զոհերի, գյուղերի և տեղի բնակչության գնդակոծությունների վերաբերյալ: «ԵԱՀԿ գործող նախագահը, Մինսկի խմբի համանախագահները, այլ երկրների և միջազգային կազմակերպությունների նախագահները կոչ էին անում լրջորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը»,- ասել է Կասպրշիկը:

Նա նշել է, որ օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը այդ հարցը քննարկվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, և հանդիպումից հետո իրավիճակը կայունացավ: «Դա միանգամայն դրական երևույթ է, և հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է նա:

Կասպրշիկը հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես այցելում են տարածաշրջան և հանդիպումներ են ունենում երկու երկրների ղեկավարության հետ՝ հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու համար: Նրա խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմը շարունակում է մնալ ուժի մեջ՝ շնորհիվ այն համաձայնության, որ ձեռք է բերվել կողմերի միջև, և դրա պահպանումը կախված է ժողովրդի կամքից: «Հրադադրի ռեժիմը չխախտելու համար երկու կողմերն էլ պատասխանատու են»,- ասել է հատուկ ներկայացուցիչը:

Կասպրշիկն ընդգծել է, որ պատրաստ է մշտապես աջակցել կողմերի միջև վստահությունն ամրապնդելու հարցում և նշել է, որ, համաձայն իր մանդատի, ջանքեր է գործադրում նոր գաղափարների առաջքաշման համար: «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում այն բանին, թե ինչպես է պաշտպանված շփման գծում ապրող խաղաղ բնակչությունը, այցելում եմ գյուղեր և ծանոթանում այնտեղի իրավիճակին»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել