Քրիստոս միայն հայերի համար չեկաւ աշխարհ, այլ` ամբողջ մարդկութեան փրկութեան համար: Խօսքը որեւէ ազգին կամ եկեղեցուն հաւատարիմ լինել-չլինելու մասին չէ, այլ Քրիստոսի համամարդկային եւ տիեզերական փրկագործութեան մասին է: Եթէ հայերից դուրս չենք ընդունում քրիստոնէութիւն, ապա ինչո՞ւ Քրիստոս պատգամեց իր առաքեալներին` ասելով. 
«Գնացէ՛ք, ուրեմն, աշակերտ դարձրէ՛ք ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻՆ, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20-21)։ 
Եւ Քրիստոսի աշակերտներն ու առաքեալները ցրուեցին աշխարհով մէկ` քարոզելով Աւետարանը եւ հիմնելով զանազան քրիստոնէական եկեղեցիներ. Սուրբ Թադէոսն ու Բարդուղիմէոսը` Հայաստանում, Սուրբ Պետրոսը` Հռոմում, Սուրբ Մարկոսը` Եգիպտոսում, Սուրբ Թովմասը` հեռաւոր Հնդկաստանում… Մի՞թէ դրանք քրիստոնէական եկեղեցիներ չեն, մի՞թէ այդ եկեղեցիներում քրիստոնեաներ չեն, մի՞թէ միայն հայերն են քրիստոնեայ, որ աւելի շատ պարծենում են իրենց քրիստոնեայ անցեալով, քան թէ փորձում են լինել քրիստոնեայ… 

http://www.crossnews.am/2012/08/18/%D6%84%D6%80%D5%AB%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BD-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%B9%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1/ 

Յետագրութիւն.
  
 Պատահաբար նկատեցի, որ իմ այս գրառումը տեղ է գտել բողոքական ուղղութիւններից մէկին պատկանող www.crossnews.am կայքէջում: Միայն մէկ պարզաբանում անեմ, որ որոշ աղանդաւորների կողմից թիւրիմացաբար չընկալուեն իմ խօսքերը` պատճառ դառնալով ինչ-ինչ չարաշահումների: 
Իմ այս գրառման մէջ խօսելով քրիստոնէական եկեղեցիների մասին` նկատի եմ ունեցել Յիսուս Քրիստոսի անմիջական առաքեալների եւ աշակերտների կողմից հիմնադրուած Եկեղեցիները (ինչպէս` Հռոմէական կաթողիկէ, Ղպտի ուղղափառ, Հայ Առաքելական եւ մնացեալ աւանդական եկեղեցիները)` ամենեւին նկատի չունենալով բողոքական նորելուկ խմբակներն ու շարժումները, որոնք, չգիտես ինչու, յաւակնում են իրենց համար եւս իւրացնել «եկեղեցի» եզրոյթը` չիմանալով դրա աստուածաբանական իմաստն ու սահմանումը: 
Այլ խօսքով` Քրիստոս Իր Աւետարանի Լոյսը տարածեց բոլոր ազգերի մէջ` Իր առաքեալների կողմից հիմնադրուած Եկեղեցիների միջոցով, որ տուեալ դէպքում` մեզ այդ Լոյսը հասաւ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալների հիմնած մէկ` Հայ Առաքելական Եկեղեցու շնորհիւ: Ուստի, սիրելի՛ հայրենակից, «Հայ Առաքելական Եկեղեցին մեր հոգեւոր տունն է, այն օտար վայրերում մի՛ փնտռիր: Իսկ ուրիշ հաւատքի տրուելուց առաջ ընդամէնը մէկ հարց տուր ինքդ քեզ` ի՞նչ գիտես դու քո Եկեղեցու ու քո Հաւատքի մասին, որ քեզ չի գոհացրել ու դիմում ես այլ դաւանանքի» (Ղեւոնդ Վարդապետ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել