Այս հոդվածում ներկայացված են աշխարհի ամենատաչօրինակ ու հազվագյուտ մրջյունները:

Մահապարտ ռմբակոծիչներ

Ի վիճակի չլինելով ինքնուրույնաբար վերարտադրվել՝ գաղութի մրջյունների մեծ մասը իբրև գերնպատակ է տեսնում մայր-թագուհիների ու կրտսեր քույր-եղբայրների պաշտպանության իրականացումը: Հանուն այս նպատակի նրանք կանոնավորապես ինքնազոհաբերության են գնում: Camponotus saundersi գաղութի անդամները չափազանց մեծ ծնոտային մկանների հատուկ շարք ունեն, որոնք ձգվում են նրանց գրեթե ողջ մարմնի երկայնքով՝ միանալով թունավոր գեղձերին: Երբ այս մրջյուններին այլընտրանք չի մնում, նրանք կատաղի ծռմռում են մկանները` իրենք իրենց պայթեցնելով, որպեսզի այս կերպ իրենց մեջ առկա թունանյութերն իրենց թշնամու դեմքին ցայտեցնեն:

Դռնագլուխներ

Cephalotes տեսակի մրջյունները հաճախ անվանվում են «կրիա-մրջյուններ», քանի որ նրանց գլուխները նման են կրիայի պատյանի: Այսպիսի տարօրինակ գլուխը նրանց թույլ է տալիս գլխով փակել գաղութի մուտքը: Իրենց սեփական գաղութը ստեղծելու փոխարեն այս մրջյունները սովորաբար գաղութացնում են բզեզների լքված թունելները: Նրանց խցանանման գլուխները բավականաչափ մեծ են բզեզների բույների մուտքը փակելու համար: Փաստորեն նրանք իրենց գլուխը դռան պես են օգտագործում: Ահա այստեղից էլ ծագում է «դռնագլուխ» անվանումը: 

Ջուլհակներ  

Մրջյունների թրթուրները շատ առումներով նման են երեխաների: Նրանք էլ են կախված իրենց ավագ քույրերի պաշտպանությունից և միայն մեծանալուց հետո են սկսում իրենց ներդրումն ունենալ գաղութի զարգացման մեջ: Այնուամենայնիվ, որոշ  մրջյուններ սկսում են նպաստել գաղութի զարգացմանը այն ժամանակից, երբ սկսում են թուխս նստել: Ջուլհակ մրջյունները՝ հայտնի նաև իբրև դերձակ-մրջյուններ, այդ անունն են ստացել խիտ շարված տերևներով լի բույների շնորհիվ: Նրանք այնպես են իրար միացնում տերևները, ասես դրանք կարված լինեն:  Նրանք իրենց բույնը կառուցում են ծառերի վերին մասում: Ավագ մրջյունները միացնում են իրար տերևներն ու ճյուղերը, իսկ փոքրերն օգնում են նրանց այդ գործում:

Թակարդածնոտներ

Մսակեր Odontomachus-ները հայտնի են իբրև թակարդածնոտներ իրենց տարօրինակ կզակների համար: Դրանք նման են մկան թակարդի: Բարձր ճնշման տակ ծնոտները կարող են բացվել և ճայթյունով փակվել, երբ դրանց մազերը խոզանակվում են: Մարդկությանը հայտնի ոչ մի գիշատիչ չի կարող այս մրջյուններից ավելի արագ խայթել: Այս մրջյունների ծնոտները բավականին ամուր են: Նրանք իրենց ծնոտներով կարողանում են հետ մղել անցանկալի փոքր առարկաները գաղութի մուտքից:  

Մեղրային մրջյուններ

Myrmecocystus տեսակի որոշ մրջյուններ առանձնանում են նույն տեսակին պատկանող այլ մրջյուններից իրենց սնվելու ձևով: Այս մրջյունները կոչվում են մեղրային մրջյուններ: Գաղութի մյուս մրջյունները նրանց կերակրում են ճարպերով ու այլ մթերքներով այնքան ժամանակ, մինչև նրանց որովայնները ուռչում են՝ երբեմն դառնալով խաղողի չափ: Արտակարգ իրավիճակներում մյուս մրջյունները սկսում են սնվել այս մրջյունների որովայնի պաշարից: Նրանք մնում են գետնի տակ՝ շատ խորը տեղերում: Մյուս մրջյունները միշտ պահպանում են մեղրային մրջյուններին, որպեսզի հանկարծ այլ մրջյունները չգողանան նրանց իրենց սեփական կարիքների համար օգտագործելու նպատակով:   

Հյուսն մրջյուններ

Մսակեր Nepenthes բույսերի մեջ ընկնող միջատների մեծամասնությունը դատապարտված է խեղդվել բույսի՝ ջրով լի փոսի մեջ: Այդտեղ նրանք կարճ ժամանակ անց կտոր-կտոր են լինում մրջնի մարսողական ֆերմենտների պատճառով: Camponotus schmitzi տեսակի մրջյունները՝ հայտնի նաև «հյուսն մրջյուններ» անվանմամբ, բացառություն են կազմում:      Նրանք այսպես ասած համակեցություն են կազմում Nepenthes bicalcarata բույսի հետ: Բույն դնելով բույսի ցողունի մեջ՝ մրջյուններն ազատորեն ելումուտ են անում բույսի «մահագույժ ջրավազանում»՝ ցատկելով բույսի հեղուկի մեջ և այնքան խորասուզվելով, որ կտոր-կտոր են անում այնտեղ թակարդված այլ միջատներին: Այս մրջյունները բնակվում են Nepenthes բույսի մեջ  և սնվում դրանում թակարդված միջատներով: Վերջերս պարզվել է, որ հյուսն մրջյունները բարերար ազդեցություն են գործում այս բույսերի վրա՝ մաքրելով դրանք այլ միջատներից: Այսպիսով, Nepenthes բույսի ու հյուսն մրջյունների շփումը փոխշահավետ է:

Allomerus decemarticulatus

Այս աննշան միջատները բնակվում են բացառապես «Hirtella physophora» ծառի վերին տերևների վրա: Դրանք իրենց բույնը պաշտպանում են թակարդող մեխանիզմի շնորհիվ: Այս մրջյունները խոր կառույցներ են ստեղծում, և ծակծկում դրանք՝ բացելով փոքրիկ անցքեր: Նրանք թաքնվում են այդ կառույցներում՝ բաց պահելով իրենց բերանը: Այլ միջատները չեն հասկանում, որ դա մրջնի բերան է, և մտնում են այնտեղ՝ կեր դառնալով մրջնի համար:

Զավթիչներ  

Մրջյուների գաղութները սովորաբար կազմված են լինում չբեր էգ աշխատողներից ու այսպես կոչված զինվորներից, որոնք դուրս են եկել միևնույն թագուհու դրած ձվերից: Գաղութում պարբերաբար ծնվում են վերարտադրվելու ընդունակ թևավոր արու ու էգ մրջյուններ, որոնք լքում են գաղութը և իրենց սեփական գաղութներն են հաստատում: Այնուամենայնիվ, որոշ տեսակներ այս ողջ դժվարին գործից ազատում են իրենց գլուխը և ողջ գործը գցում մյուսների վրա: Այդ մրջնատեսակների թվին է պատկանում Solenopsis daguerrei-ն: Այս տեսակի մրջյունների գաղութը կազմված է թագուհիներից ու արու մրջյուններից: Նրանց գաղութում աշխատավորներ կամ զինվորներ չկան: Խաչասերումից հետո էգ մրջյունը զբաղեցնում է այլ մրջնատեսակի գաղութը, գերեվարում է գաղութի թագուհուն՝ օգտագործելով ֆերոմոններ իր ներկայությունը քողարկելու համար և սնունդ կորզելով տանտիրոջից: Գաղութ ներխուժած էգ մրջյունը ձվադրում է այդ գաղութում, իսկ գաղութի անդամները չեն կարողանում տարբերակել զավթիչի ձվերը գաղութի անդամ թագուհու ձվերից, ուստի գաղութի անդամները մեծացնում են մակաբույծների սերունդ, մինչ նրանց սեփական թագուհին կամաց-կամաց սովամահ է լինում:  

Կանիբալ վամպիրներ  

Adetomyrma տեսակին պատկանող այս մրջյունները լիովին համապատասխանում են իրենց անվանմանը: Գաղութի հասուն անդամները զինված են վտանգավոր ծնոտներով: Նրանց խայթոցը կարող է կաթվածահար անել զոհին: Նրանք կարող են չափերով իրենց մի քանի անգամ գերազանցող հոդվածոտանիներ որսալ և սպանել, սակայն նրանք իրենք չեն ուտում այդ որսը: Նրանց սննդակարգը բաղկացած է միայն իրենց այն քույր-եղբայրների արյունից, որոնք դեռևս թրթուր են: Այդ թրթուրները կույր են ու վերջույթներից զուրկ, ուստի նրանք ամբողջովին անպաշտպան են հասուն մրջյունների առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել