Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքում, մի կողմից հարուցում է ողջ աշխարհի զայրույթը, մյուս կողմից՝ բացում անտեղյակների և մոլորյալների աչքերը:
Հայտնի է այն, որ ոստիկան Դարեն Ուիլսոնը առանց որևէ պատճառի փողոցում գնդակահարել է 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին: Ըստ վարկածներից մեկի, իբր պատանին սադրել է ոստիկանին՝ ասելով «դու ոչինչ հետս չես անի, հո չես կրակի», ինչին ի պատասխան հնչել են կրակոցներ: Խնդիրն այն է, որ փորձաքննության արդյունքներով հանգուցյալի մարմնին վառոդի հետքեր չեն հայտնաբերվել, ուստիև ոստիկանը կրակել է հեռվից:
Դրա հետ կապված հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի, որոնք վերաճել են բախումների ոստիկանության հետ: Ոստիկանությունը կիրառել է ռետինե գնդակներ և արցունքաբեր գազ, մտցվել է պարետային ժամ:
Միջադեպն ունեցել է շարունակություն՝ իրադարձությունները լուսաբանելու նպատակով քաղաք ժամանած երկու թղթակից ձերբակալվել են իբր ոստիկաններին դիմադրելու մեղադրանքով, սակայն շուտով բաց են թողնվել:
Անշուշտ, կարելի է միայն հիանալ ֆերգյուսոնցիների վճռականությամբ և հաստատակամությամբ, ովքեր, զանց առնելով բոլոր վտանգները, դուրս եկան փողոց և իրենց վրդովմունքը հայտնեցին տեղի ունեցածի կապակցությամբ, ավելին՝ գումարներ նվիրաբերեցին Բրաունի հուղարկավորության կազմակերպման համար:
Սակայն այս դեպքում առավել կարևոր է մի հիմնարար խնդիր՝ ամբողջ աշխարհով մեկ տեղի ու անտեղի մարդու իրավունքներից տարփողող ԱՄՆ-ն առհասարակ իրավունք ունի՞ դրանցից խոսել: Փաստ է, որ տեղի ունեցած բոլոր ի ընթացքում աներկբայորեն ոտնահարվել են մարդու հիմնարար իրավունքները:
Ըստ էության, ԱՄՆ-ում էլ է գործում նույն սկզբունքը՝ յուրաքանչյուրն ազատ է այնքանով, որքանով ենթարկվում է իշխանություններին: Ավելին, նմանատիպ դեպքեր արձանագրվել են վերջին տարիներին ևս:
Սակայն սովորություն դարձնելով ամեն առիթով այլ երկրների գործերին միջամտելը՝ ԱՄՆ-ն միևնույն ժամանակ անընդունելի է համարում այլ երկրների նույնատիպ և անգամ ավելի մեղմ փորձերն իր նկատմամբ: Այսպես, ի պատասխան վեց երկրների ներկայացուցիչների հնչեցրած քննադատության, ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակ Մերի Հարֆը հայտարարեց, որ այլ պետությունները, իհարկե, կարող են արտահայտել իրենց կարծիքները հարցի վերաբերյալ, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտն էլ իրավասու է չհամաձայնել այդ կարծիքների հետ: Այլ բան, որ իր կարծիքի հետ չհամաձայնվողներին ԱՄՆ-ն սկսում է ընկալել որպես հակառակորդ:
Այսպիսով՝ կրկին երկակի ստանդարտներն են ասպարեզում իրենց ամբողջ պերճանքով ու թշվառությամբ: Հավանաբար, դրանում էլ են ամերիկացիները տեսնում իրենց «ժողովրդավարության» առավելությունները:
Միայն խեղճ պատանին է ափսոս…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=360729450758636&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել