Սեպտեմբերի 3-ին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումին։

Հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում դեսպանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և բարեմաղթությունները Իրաքի նախագահին և ժողովրդին՝ նշելով, որ Հայաստանի և Իրաքի միջև պատմության ընթացքում ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, և Հայաստանի իշխանությունները ձգտում են զարգացնել և ամրապնդել դրանք բոլոր ասպարեզներում։

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում ուշադրությամբ են հետևում Մերձավոր Արևելքում և հատկապես Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին և խստորեն դատապարտում են բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները, որոնց արդյունքում ծանր իրավիճակում է հայտնվում քաղաքացիական բնակչությունը և բռնությունների են ենթարկվում ազգային և կրոնական փոքրամասնությունները։ Դեսպան Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը ողջունում և պաշտպանում է իրաքյան իշխանությունների ջանքերը երկրում անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ։

Նախագահ Ֆուադ Մաասումը հաջողություն մաղթեց ՀՀ դեսպանին իր առաքելության մեջ: Նա նշեց, որ Հայաստանը և հայերը լավ ճանաչված են արաբական աշխարհում, այդ թվում և Իրաքում, ու արժանացել են տեղի բնակչության հարգանքին իրենց ազնվության և աշխատասիրության շնորհիվ՝ ավելացնելով, որ Իրաքը ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և կաջակցի այս ուղղությամբ կատարվող յուրաքանչյուր նախաձեռնությանը։ 

Հանդիպման վերջում Նախագահ Մաասումը խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

Կից՝ կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել