Ստուգաբանորեն գիտենք, որ դրախտից մեզ արտաքսեցին արգելված պտուղը ճաշակելու համար: Դա, ինչպես ասում են, իրադարձային, դիպվածային կողմն է մարդկության ետեդեմական ընթացքի, երջանկաեղերական կյանքի: Բայց նախքան անաստված վարմունքը (որակումը ևս ապառնիական է), մենք ի՞նչ արեցինք: Կամ, ավելի շուտ, ի՞նչ չարեցինք: Չկասկածեցինք:

Դարեդարյա զարգացումներում կասկածը դարձել է ստեղծականության հիմք. արվեստում առանց կասկածի հանճարեղ հարցադրումներ անելն ու համարժեք գործ արարելը գրեթե անհնարին է: Եկեք ասենք, արվեստի յուրաքանչյուր հարամնա ու ճշմարիտ ստեղծագործություն անսահման կասկած է ենթադրում, որում հարցն ավելին է, քան սոսկ պատասխանը: Այսինքն մշտապես կատարյալին ձգտելու պատասխանատվությունը հանգեցնում է արարվածի բովանդակության կամ դրա դրսևորման ԱՐԺԵՔԱՅՆՈՒԹՅԱՆ վերաբերյալ անփարատելի կասկածին:

Մի փոքր այլ է. թերևս, սիրո պարագային. այս առումով փոխհարաբերություններում կասկածը ոչ թե ընկերոջը կորցնելու մտավախություն է, այլ նրան փոխելու ազդեցամիջոցներից մեկը: Իսկ արդյո՞ք դիմացինին փոխելու համար կասկածն ամենից հուսալի միջոցն է: Եվ, արդյո՞ք, առկա է դրա՝ դյուզն-ինչ օգտակարություն: Կասկածելը չհավատալը չէ: Կասկածն՝ ինքը անձրևաորդ է, որ անհագուրդ է և սնվում-ուռճանում է իր իսկ կասկածատարր «ուտեստներից»: Փիլիսոփայորեն թե հանրամատչելիորեն այս ամենը ևս կասկածելի է: Բայց, համաձայնեք, կանոնանավորապես կասկածյալի աթոռին գամելն ավելի հեշտ է, անփութություն պես մի բան, քան մշտապես կասկածյալ լինելը…

Կասկածելը ինքնահամոզումի տանող ճանապարհ է, եթե, իհարկե, կասկածն այլևս համոզմունք չի դարձել և իմաստապես չի զրկել անմեղության կանխավարկածն ու կասկածն իսկ՝ իր անվնաս դեգերումների ու խարխափումների մեջ: Որովհետև առողջ կասկածը մաքրում-առողջացնում է երկուստեք, հիվանդագինը՝ առողջազրկում բոլորին: Իսկ կասկածել բոլորին՝ նշանակում է չկասկածել քեզ, այսինքն՝ չկասկածել ընդհանրապես: Դրախտը մի կողմ….

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել