Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ի թիվս այլ հարցերի նախատեսվում է քննարկել նաև դաշինքի ռազմաբազաների ընդլայնման պլանը: Նախատեսվում է, որ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում բացվելու է մեկական ռազմաբազա, և յուրաքանչյուրում տեղակայվելու է մինչև 600 զինվորական: Բացի այդ, նախատեսվում է նաև որոշում ընդունել արագ արձագանքման ուժերի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
Այդ բազաների մասով ՆԱՏՕ-ի պոտենցիալ հակառակորդի վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող՝ դա Ռուսաստանն է: Իհարկե, միամտություն է կարծել, որ 3000 զինվորի առկայությունը թեկուզ և իր սահմաններին անմիջապես հարող տարածքում կարող է վախեցնել Ռուսաստանին:
Սա ավելի շուտ ցուցադրական ակցիա է ՆԱՏՕ-ի կողմից, որը հետապնդում է երկու նպատակ՝ նախ, նախաձեռնելով և միանալով Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին, ՆԱՏՕ-ն արդեն ի վիճակի չէ առանց իր հեղինակությանը վնասելու հետքայլ կատարել, և ուզած-չուզած պիտի գոնե ինչ-որ կիսամիջոցներով բռունցք ցույց տա, մյուս կողմից՝ պիտի ինչ-որ կերպ հուսադրել և խրախուսել արևելաեվրոպական դաշնակիցներին, քանզի եթե վերջիններս տեսնեն, որ ՆԱՏՕ-ն անկամ և անվճռական կառույց է, գուցեև հետքայլ կատարեն և ձեռք քաշեն ոչ այնքան հուսալի դաշնակիցներից:
Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն հայտնվել է որսորդի կարգավիճակում, որը բռնել է արջին, բայց խնդիրն այն է, որ արջը նրան բաց չի թողնում:
Ու եթե այսպես շարունակվի և կողմերը չկարողանան լեզու գտնել, ապա Երրորդ համաշխարհային պատերազմի վտնագը կդառնա իրական: