Բարև հարազա՜տ հոգի:
Գիտեմ, նեղացած ես... Վիրավոր սիրտդ սառել է ու թշնամացել քո ու քո նմանի հանդեպ:
Գիտե՞ս տարիներ առաջ ես էլ էի այդպիսին: 
Հիշում եմ...
Ավարտեցի համալսարանն ու հայտնվեցի անելանելի վիճակում: Ոչ մի դուռ չէր բացվում իմ առաջ, ամենուր մթություն էր, մռայլ անտարբերություն: Իսկ ես երազներ ունեի, անհագ ցանկություն՝ վեր սլանալ կյանքի զառիվեր աստիճաններով... ես շտապում էի, պայքարում, ընկնում, նորից ոտքի կանգնում, բայց... մի օր էլ ուժ չգտա պայքարելու. նեղացած էի, վիրավորված: Երազանքներս ավազե ամրոցի պես քանդվում էին աչքիս առաջ, անտարբերության սառը քամին հանգցնում էր պայքարելու վերջին շողերը: Առջևում խավարն էր՝ անելանելի ու վախեցնող: Ու ես օտարացա, զզվեցի յուրայիններից, ատեցի այն ամենն, ինչ ինձ շրջապատում էր... ես հեռացա...
Հայկական երազանքն ինձ իր գիրկն առավ ու տարավ անորոշ հեռուները՝ անխնա հանձնելով օտար ափերին, որ այսուհետ իմ բանտն էր դառնալու...
Արդեն մեկ տասնամյանկ է ես այստեղ եմ ՝ հեռու այն ամենից, ինչն ինձ խանգարում էր, ինչն օտար էր, հոգնեցնող, ցինիկ, նյարդայնացնող, մռայլ ու գաղջ... ես լքեցի քեզ ,պետությո՛ւն, որ չգնահատեցիր ինձ, որ փակեցիր իմ առաջ բոլոր դռները, կտրեցիր առանց այն էլ բարակած հուզական թելը, որն ինձ ու իմ հողն իրար էր կապում... դու սպանեցիր ինձ...
Արդեն մեկ տասնյակ է, որ չգիտեմ ով եմ, որտեղից, ուր եմ եկել ու հանուն ինչի: Ապրում եմ՝ ապրելու համար:
Մեկ տասնամյակ՝ մի ամբողջ հավերժություն, մշտնջենական պայքար՝ լինելու իրավունքի համար... ես այստեղ էլ չկամ... այդտեղ ես օտար էի յուրայինների մեջ, այստեղ՝ օտար՝ օտարների մեջ... 
Ինձ տաս տարի պահանջվեց, որ հասկանայի՝ Հայկական Երազանքս կործանեց ինձ վերջնականապես՝ վերցրեց ինձնից ամեն ինչ ու թողեց միայնակ ու բոկոտն՝ անհայտ ու անորոշ, փոշոտ ճանապարհին...
Ես մեկն եմ այն հազարներից, ովքեր գնացին այդ անդառնալի ճանապարհով, կամ դեռ կբռնեն այդ ուղին, որը մեր ազնիվ ու խելացի պապերը բնութագրում էին այսպես՝ կեղտից ելավ, ընկավ կեղտահորը...

ՀԳ. Աղոթում եմ, որ մի օր նախանձեմ քեզ, հարազա՜տ հոգի, ուզենամ գալ... բայց միևնույնն է կամաչեմ, որ չմնացի, չպայքարեցի, այլ բռնեցի դանդաղ ու աննկատ կործանման ուղին...

Հեղինակ` Ելենա Հ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել